Ոռոգման սեզոնը դեռ նոր է սկսվել և Նոր Կեսարիա համայնքի բնակիչները ոռոգման ջրի դեֆիցիտ ունեն։ Սերմը ցանել են, այգիները պարարտացրել ու, արդեն 10 օր է, սպասում են ոռոգման ջրին։ Ջուր չկա, սոխի, եգիպտացորենի և առվույտի ծիլերը չորացել են, չհասունացած պտուղը՝ թառամել, խաղողի տնկարկները՝ անպիտան դարձել։ Գյուղացիները հավաքվել են գյուղապետարանի մոտ, փորձում են գյուղապետի միջոցով խնդրին լուծում գտնել։

Նոր Կեսարիա համայնքն ունի շուրջ 700 հեկտար վարելահող։ Այստեղ հիմնականում մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։ Նոր Կեսարիայի հողատարածքները մայր ջրանցքից բարձր դիրքում են գտնվում, այդ պատճառով ոռոգվում են  պոմպակայանների միջոցով։ Պոմպակայաններից մեկում խնդիր է առաջացել, վերանորոգում է իրականացվում, ջրամատակարարը գյուղապետին ասել է, որ կփորձեն արագ կարգավորել հարցը։ Գյուղապետն այդքան էլ լավատես չէ, սա առաջին դեպքը չէ։

Գյուղացիները պնդում են, որ խնդիրն արհեստական է առաջացել։ Արմեն Հովհաննիսյանը ցույց է տալիս երկրորդ պոմպը, որով ոռոգվում են գյուղի տնամերձ հողամասերը։ Սարքին վիճակում գտնվող այս պոմպակայանը չէր գործարկվում։ Մեր ներկայությամբ գյուղացիները կապ հաստատեցին պոմպակայանը սպասարկող պատասխանատու՝ Շալիկոյի հետ, ով հայտնեց, որ ղեկավարությունից հրաման չունի պոմպակայանը գործարկելու համար։

Գյուղացիների համբերության բաժակը լցվեց, գյուղապետի ուղեկցությամբ այցելեցին «Արմավիր» ՋՕԸ՝ տեղում պարզելու առաջացած խնդրի պատճառները։

«Արմավիր» ՋՕԸ գործադիր տնօրեն Վահագն Արշակյանն ասում է․ «Նոր Կեսարիայում ջրի խնդիրը չի կարող 10 օրվա պատմություն ունենալ, քանի որ ոռոգման սեզոնը սկսել են ապրիլի 24-ից։ Չի հերիքում, ոռոգման սեզոնի մեկնարկն ուշացել է, բայց  դրա համար տեխնիկական պատճառներ են եղել»։ Ինչ վերաբերում է Նոր Կեսարիացիների դժգոհություններին, դրանք այնքան էլ տեղին չի համարում,  ասում է՝ պետք է համբերատար գտնվեն։

ՋՕԸ գործադիր տնօրենը խոստացավ մինչև օրվա ավարտը խնդիրը կարգավորել, իսկ տնամերձ հողամասերը ոռոգող պոմպակայանը հանձնարարեց կեսօրին գործարկել։ «Արմավիր» ՋՕԸ սպասարկում է մարզի 41 համայնքների 15 հազար հեկտար հողատարածքներ։