Արմավիրի մարզում թոշակների բաշխման օրերն ամենալավը գիտեն «լույսի», «գազի» և «ջրի» վարձ հավաքագրող մարդիկ: Թոշակի բաշխման օրերին այս ծառայությունների հսկիչներն իրենց ցուցակներով զինված պաշարում են «Հայփոստ»-ի բաժանմունքները և մեկիկ-մեկիկ թոշակառուին մոտենալով հիշեցնում իրենց մատակարարած ապրանքի վճարման մասին: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ վեճեր են առաջանում մատակարար կառույցների հսկիչների միջև, քանի որ հնարավոր է թոշակը բոլոր մատակարարներին չբավականացնի:
Փորձենք հասկանալ, թե ինչու՞ է ձևավորվել վարձավճարներ գանձելու նման փորձ և արդյո՞ք ամենավճարունակ խավը թոշակառուն է:
Վիճակագրական տվյալներով Արմավիրի մարզի 255,9 հազար առկա բնակչությունից տնտեսապես ակտիվ է համարվում 143,4 հազարը, որոնցից գործազուրկ է 33,4 հազարը: 110 հազար զբաղվածներից 64,5 հազարը զբաղված է գյուղատնտեսությամբ, 27,2 հազարը աշխատանք ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների և մասնավոր կառույցներում, մնացածի զբաղմունքի վերաբերյալ վիճակագրությունը տվյալներ չի նշում:
Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 40 տոկոսից ավելին չի մշակվում, և հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է փաստել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների 40 տոկոսը, այսինքն 25,8 հազարը նույնպես գործազուրկ է:
Հանրագումարի գալով, կարող ենք ներկայացնել հետևյալ պատկերն առ այն, որ Արմավիրի մարզի առկա 255,9 հազար բնակչությունից աշխատանք ունի 10,6 տոկոսը, գյուղատնտեսությամբ զբաղվում է 15,1 տոկոսը, թոշակ և նպաստներ են ստանում 14,5 տոկոսը:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներից շատերը եկամուտ ընդհանրապես չեն ստանում, կամ ստացած եկամուտով նույնիսկ իրենց վերցրած վարկերը չեն կարողանում սպասարկել, ապա կարելի է փաստել, որ մարզերում ամենավճարունակ խավը թոշակառուն է:
Այժմ արդեն կարելի է հասկանալ «գազի», «ջրի» ու «հոսանքի» մարդկանց, թե ինչու՞ են թոշակի բաշխման օրերին արագ հայտնվում «Հայփոստ»-ի բաժանմունքներում: