Մայիսի վերջին սովորաբար սկսվում է կեռասի բերքահավաքը։ Մինչ կեռասը կհասունանա, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչներն ասում են, որ կեռասի և ծիրանի բերքն այս տարի անհամեմատ քիչ է։ Պատճառը գյուղացիները չգիտեն, երկու հավանական տարբերակ են առաջ քաշում՝ կամ ապրիլի ձնախառն անձրևը վնասեց բերքը, կամ ծաղիկները փոշոտում չկատարեցին։ Սերգեյ Հովհաննիսյանն ասում է՝ ծառերի ծաղկաթափումից հետո թվում էր բերքառատ տարի է լինելու և՛ ծիրանի, և՛ կեռասի համար։ Ավելի ուշ պտուղը չհասունացավ, դեղնեց և թափվեց։ Հիմա ծառերի վրա հաշված կեռաս կարելի է տեսնել։ Նույնը նաև ծիրանի դեպքում է, ավելին՝ վերջին օրերի քամին ծիրանի, առանց այդ էլ պակաս, բերքը թափեց ծառերի տակ։

Գյուղացիներն ասում են՝ այս տարին, բերքատվության առումով, այնքան էլ խոստումնալից չէ, բոլոր ծառապտուղների դեպքում են դժգոհ գյուղացիական տնտեսությունները։ Բերքատվության պակասն անզեն աչքով է նկատելի, – ասում է տիկին Հասմիկը և ավելացնում, – եթե անցյալ տարի 1000 քառ/մետր կեռասի այգուց մոտ 2 տոննա կեռաս է վաճառել, ապա այս տարի 70 տոկոսով պակաս է պտուղը։ Ծառերի ճյուղերին նայելիս երևում է որ պտուղն է առողջ և հասունացած, որը՝ ոչ, 10-ից մեկը չի հասունացել, – ասում է Հասմիկը։

Նույն իրավիճակն է նաև հարևան համայնքներում՝ Այգեշատում, Ջանֆիդայում, Փշատավանում։ Այստեղ էլ գյուղացիական տնտեսությունները ցույց են տալիս ծառերը, որոնց վրա բերքը պարզապես կարելի է հաշվել։ Տիկին Մարիետան նույնիսկ կատակում է, ասում է՝ ծառերը տոնածառ են, բերքը՝ հատիկ-հատիկ վրան շարված։

Ի դեպ, կեռասի այգիներն ապահովագրական ընկերությունների ցանկում դեռ չկան։ Չնայած գյուղացիները հստակ չգիտեն բերքատվության պակասն ինչով պայմանավորել, բայց կարծում են՝ եթե ցրտահարության հետևանքով է ստեղծվել նման վիճակը, ապա ապահովագրության դեպքում կկարողանային փոխհատուցում ստանալ։ Քանի որ վաղ գարնանից  այգիներում կատարել են անհրաժեշտ բոլոր ծախսերն ու աշխատանքները՝ պարարտացրել, բուժել ու խնամել, որպեսզի ծառերը հաջորդ տարի առողջ ու բերքատու լինեն։