Հայաստանի Հիդրոօդերևութաբանական ծառայության պետի կողմից նախօրեին հեռուստատեսությամբ արված հայտարարության համաձայն,այսինքն այն, որ պաշտոնապես հերքում էր ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունը, ստացվում է, որ Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններն իրենց վարունգի, լոլիկի, կարտոֆիլի և ելակի դալար սածիլներն ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղափոխել էին սառնարաններ, սառեցրել, հետո նորից տնկել, որ ասեն ցրտահարություն է եղել: Իսկ ինչու՞ էր պաշտոնյան ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերվա փաստացի ցրտահարությունը ժխտում: Իրականում ծառայության պետի նպատակը ոչ թե ցրտահարության հերքելն էր, այլ իր ղեկավարած կառույցի անգործությունը կոծկելը:
Իրականում Արմավիրի մարզի շատ գյուղացիական տնտեսություններ ցրտահարման առումով ապրիլի այս օրերը ռիսկային էին համարում և դիմում էին մարզպետարան իրենց մտավախությունը հերքելու կամ հաստատելու համար:
Մարզպետարանում նույնպես չգիտեին 23-24-ի հավանական ցրտահարության մասին, ուստի այստեղից գյուղացիների բոլոր ջանքերը, կապված ցրտահարության հավանականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հետ, անհաջողության մատնվեց: Եկավ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը և ցրտահարվեց գետնին մոտ ամբողջ բուսականությունը:
Ծառայությունը, առավոտյան տեղեկանալով ցրտահարության փաստին, գյուղնախարարության միջոցով ապրիլի 24-ին, կեսօրից հետո հեռախոսային հաղորդագրություններ սկսեց ուղարկել՝ զգուշացնելով, որ հնարավոր է ցրտահարություն, արդեն 24 լույս 25-ի համար: Հաղորդագրությամբ խորհուրդ էր տալիս առատ ջրել կամ կայուն ծխահարել այգիները:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հաղորդագրություն ուղարկողները նույնիսկ պատկերացում չունեին, թե ի՞նչ ծախսերի միջով է անցնելու գյուղացին ցրտահարության դեմ պայքարելու համար: Եթե նույնիսկ ծախսերը դնենք մի կողմ, ի՞նչ մեխանիզմով և ինչո՞վ է ամբողջ գյուղը միաժամանակ առատ ջրում այգիները կամ ծխահարելով ինչպե՞ս է սածիլներին փրկում ցրտահարվելուց, կրկին նշենք, այն դեպքում, երբ արդեն գյուղացին նախորդ գիշեր կրել էր ցրտահարության վնասներ:
Պարզաբանելու համար հավելենք, որ գյուղացին պոլիէթիլային թաղանթի տակ գտնվող սածիլները ցրտահարությունից փրկելու համար, նախ պետք է կրկնակի շերտ ստեղծելու նպատակով մի քանի հարյուր մետր սև գույնի պոլիէթիլային թաղանթ գնի, իսկ թաղանթի տակ ջերմություն ապահովելու համար մի երկու հարյուր հատ էլ մոմ գնի և ամբողջ գիշեր հերթապահի: Սրանք աշխատանքներ են, որոնց համար ժամանակ է պահանջվում: Հավելենք, որ այդ օրը եղել են գյուղացիներ, ովքեր հեռախոսային հաղորդագրություն ստացել են ժամը 23:00-ից հետո:
Այժմ անդրադառնանք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի կանխատեսումներին, որը թարմացվել է ապրիլի 22-ին: Ըստ կայքի, Արմավիրի մարզում ապրիլի 23-ի գիշերը կանխատեսվել է 4-7, իսկ 24-ին՝ 2-5 աստիճան տաքություն:
Հիդրոօդերևութաբանական ծառայության ղեկավարի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերվա ցրտահարության պաշտոնական հերքումը և բացառումը միտված էր կոծկելու ապրիլի 23-ին ծառայության անգործությունը: