ՀՀ Ընտրական օրենսգրքի տրամաբանության հիմքում ընկած է ընտրական իրավունքի պաշտպանությունը: Օրենքն իր հոդվածներով կարգավորում է այն բոլոր միջոցները, որոնց օգնությամբ ընտրողը պետք է հնարավորություն ունենա ազատ իրականացնել իր սահմանադրական իրավունքը: Անկախ ընտրությունների ձևաչափից՝ տեղական, թե համապետական, իշխանությունները պնդում են, որ այս ընտրություններն ավելի լավ անցկացվեցին, քան նախկինները: Լավ կամ քան առաջ բառակապակցությունն ասելով մեզանում ձևավորված կարծիքի տեսանկյունից հասկանում ենք, որ քվեատուփեր կամ մարդկանց չեն գողացել, բացահայտ լցոնումները և բռնությունները նվազել, դահլիճներ համեմատաբար ավելի շատ են տրամադրվել և այլն: Սակայն, երբեք այս ցուցանիշներում չի նշվում, թե նախորդ ընտրությունների համեմատ քանի ընտրող չի կարողացել օգտվել ընտրության իր սահմանադրական իրավունքից: Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, սա ընտրական գործընթացների ամենակարևոր և առանցքային ցուցանիշն է:
Պատկերն ամբողջացնելու համար շրջեցինք թիվ 21 ընտրատարածքի Արմավիր քաղաքում տեղակայված բոլոր 16 ընտրատեղամասերում:
16 ընտրատեղամասերից միայն 3 տեղամասերում կային թեքահարթակներ, որոնցից միայն մեկի թեքության մակարդակն էր ապահովում սայլակների անվտանգ բարձրանալը:
Մեզ չհաջողվեց Արմավիրի մարզպետարանից տվյալներ ձեռք բերել տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց թվաքանակի վերաբերյալ, սակայն հաշմանդամների իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպություններից տեղեկացանք, որ հաշվառումը շատ դժվար է հատկապես մեծահասակների շրջանում, որոնք հիվանդության պատճառով զրկվել են տեղաշարժվելու հնարավորությունից, բայց, այնուամենայնիվ, նրանց թիվը կարող է 200-ից ավելի լինել:
Տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պարբերաբար տարբեր ծրագրերի շրջանակներում բարձրաձայնվել է, սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում, և կարելի է ասել, որ Արմավիր քաղաքում 200-ից ավելի մարդ չեն կարող օգտվել ընտրության իրենց սահմանադրական իրավունքից: