Արարատյան դաշտավայրում բարենպաստ եղանակային պայմանները թույլ են տալիս սկսելու գյուղատնտեսական աշխատանքները: Որոշ համայնքներում սկսվել են այգեբացի և ծառերի էտման աշխատանքները, և եթե եղանակի կտրուկ փոփոխություն չլինի, վստահ կարելի է ասել, որ Արարատյան դաշտում սովորականից շուտ մեկնարկել է գյուղատնտեսական տարին:
Ցավալին այն է, որ գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ, ավելանում է «Հողը վաճառվում է» ցուցանակների քանակը: Նույնիսկ մարզում կան տարածքներ, օրինակ՝ Փարաքար-Զվարթնոց ավտոմայրուղու երկայնքով, որտեղ մշակվող հողատարածքները համարյա բացակայում են, իսկ «Հողը վաճառվում է» ցուցանակների առատությունը գնորդի համար ընտրության մեծ հնարավորություններ է ստեղծում:
Ինչու՞ է գյուղացին վաճառում իր ապրուստի վերջին միջոցը, ինչպե՞ս է կերակրելու իր ընտանիքը: Շատ իշխանավորներ երևույթը կապում են գյուղացու ծուլության հետ, սակայն պատճառներն ավելի խորքային են և պետական մակարդակով հրատապ լուծում են պահանջում:
Գյուղացու հող մշակելուց հրաժարվելու պատճառներից կարելի է առանձնացնել՝
1. Ոռոգման ջրի սակագինը – Շատ քիչ երկրներ կան, որտեղ ոռոգման ջուրը վաճառվում է գյուղացուն: Գյուղացին կապված մշակաբույսին տարեկան պարտավոր է ոռոգման ջրի դիմաց վճարել 60-110 հազար դրամ: Ոռոգման ջրի սակագինը տատանվում է 13,5-15 դրամ մեկ խորանարդի համար, և սա այն պարագայում, երբ ձկնարդյունաբերության ոլորտում ջրի սակագինը 5 լումա է:
2. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները – Փորձեցինք շրջայց կազմակերպել գյուղատնտեսական վարկեր տրամադրող բանկեր և պարզվեց, որ գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքները տատանվում են 20-24 տոկոսի սահմաններում: Նման տոկոսադրույքները դուրս են յուրաքանչյուր տրամաբանությունից: Բանկերն արդարանում են բնագավառի ռիսկայնության հանգամանքով: Սակայն անհասկանալի է, թե գրավի առկայության պարագայում ինչ ռիսկի մասին է խոսքը:
3. Գյուղմթերքի իրացում – Այս խնդիրը եղել և մնում է գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենաառաջնային գործոնը: Թվերի լեզվով ներկայացնելու համար բերենք օրինակներ: 2012 թվականի ամռանը Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները կարտոֆիլի կիլոգրամը վաճառում էին 25-40 դրամով: Շատ գյուղացիներ նույնիսկ բերքահավաք չկազմակերպեցին: Սալորը 30 դրամ, ծիրանը 35-50 դրամ: Այս գներով վաճառքը նշանակում է գյուղացին իր ծախսի նույնիսկ կեսը չի կարող վերադարձնել:
Այս ցանկին կարելի է ավելացնել մեխանիզացիայի ծախսերը, բուժանյութերի և սերմացուների անորակությունը, պարարտանյութի թանկ գները: Սակայն մեծ հաշվով այս բոլոր խնդիրները լուծելի են, եթե պետական մոտեցում ցուցաբերվի գյուղատնտեսությանը: