Մյասնիկյանի գյուղապետի միակ մտահոգությունն այն է, որ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում գյուղացին ոռոգման ջրի պակաս չզգա: Չնայած իր քառամյա ծրագրով նախատեսված անելիքներ շատ ունի, որոնք սկսվում են մշակույթի տան վերանորոգումից, ավարտվում դաշտամիջյան ճանապարհների հիմնանորոգմամբ, սակայն սեզոնի համար ամենաարդիական թեման սկսվում և ավարտվում է ոռոգման ջրով: Գյուղացիներին էլ, մեղմ ասած, չի հետաքրքրում գյուղի հանգստյան այգին կվերանորոգվի՞, թե՞ ոչ, կենտրոնական փողոցը կլուսավորվի՞, թե՞ ոչ, ամենակարևորը գյուղատնտեսական տարվա արդյունավետ մեկնարկն ու առանց խոչընդոտների աշխատանքների ընթացքը վարելն է:
Նախորդ տարի Մյասնիկյանում ոռոգման սեզոնն ուշացումով է սկսվել՝ ապրիլի 20-ից: «Շենիկ» ՋՕԸ աշխատակիցը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում նույնիսկ 10 օրից գյուղացին ոռոգման ջուր կստանա:
Մյասնիկյանի գյուղացիական տնտեսությունները տարիներ շարունակ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ են ունեցել: Գյուղապետի խոսքով, Մյասնիկյանը ամենավերջին համայնքն է, որտեղ ոռոգման ջուր է հասնում, հետևաբար ջրի սակավության հետ կապված խնդիրներ հաճախ են առաջանում:
Ըստ գյուղապետի, Մյասնիկյանը 3100 հեկտար մշակելի հողատարածք ունի: Սեփականաշնորհված տարածքներում ջրի պակաս չի լինի,- վստահեցնում է «Շենիկ» ՋՕԸ գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը և խորհուրդ տալիս գյուղացիներին առանց մտավախության սկսել վարուցանքը:
Մատակարարը հավելում է նաև, որ Սելաֆ-Մաստարա նոր ջրամբարի կառուցումն ամբողջությամբ կլուծի ոչ միայն Մյասնիկյանի, այլև հարակից գյուղերի ոռոգման խնդիրները: