2012 թվականի գյուղատնտեսական տարվա ամենաեռուն շրջանում նկատվեց ոռոգման ջրի անբավարարություն: Գյուղացիների մի մասը ջրի պակասը կապում էր Ախուրյանի ջրամբարի հետ, իսկ մյուս մասը՝ խորքային հորերի ցամաքելու հետ: Ինչևիցե, Արմավիրի մարզի շատ գյուղացիական տնտեսություններ բերքահավաքից առաջ ոռոգման ջրի սակավության պատճառով մեծ վնասներ կրեցին:
Իսկ ի՞նչ է սպասվում գյուղացիներին այս տարի, կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչում: Ախուրյանի ջրամբարը, որն Արարատյան դաշտավայրի, կարելի է ասել, հիմնական ոռոգման ջուր մատակարարողն է, կիսով չափ դատարկ է, նույնիսկ չի հասցրել անցած տարվա մակարդակին բարձրանալ: Ճիշտ է, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Արմավիրի մարզ այցելության ժամանակ ներկաներին հորդորեց, որ դեռ վաղ է խուճապի մատնվել, սակայն փաստն ավելի քան մտահոգիչ է և օր առաջ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել գոնե իրավիճակը մեղմելու համար:
Երևի թե ավելի արդար կլիներ ոչ թե առանձնասենյակներում, այլ բացահայտ կերպով իրավիճակը ներկայացնել գյուղացիական տնտեսություններին, հորդորել, որ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, վերապահումով մոտենալ խոնավասեր կուլտուրաների մշակությամբ զբաղվելու մտադրությանը:
Խորհրդային տարիներին Արարատյան դաշտավայրն առանց Ախուրյանի ջրամբարի ոռոգվել է մոտ 600 խորքային հորերի և որոշ չափով Արաքս գետի ջրով: Հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչու՞ Ախուրյանի ջրամբարի ոչ բավարար ջրի քանակը կարող է մեծ խնդիր լինել գյուղացիական տնտեսությունների համար:
Խնդիրը կայանում է նրանում, որ ձկնարդյունաբերության պատճառով Արարատյան դաշտավայրի խորքային հորերի մի մասն արդեն իսկ չորացել է, իսկ մյուս մասը իր հզորության 30-50 տոկոսով է ջուր դուրս մղում և չի կարող լրացնել ոռոգման համար անհրաժեշտ ջրի պաշարները: Հենց այստեղ է, որ պետական մոտեցման անհրաժեշտություն է առաջանում:
Հարկ է նշել, որ ձկնարդյունաբերության ոլորտում ջրի մեկ խորանարդ մետրն արժե 1-5 լումա, իսկ ոռոգման ջրինը՝ 11-15 դրամ, այսինքն 1000 անգամ թանկ: