Արդեն երկրորդ տարին է, Արմավիրի ընդհանուր իրավասությունների դատարանում ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նշան Գևորգյանի դատավարությունը: Օգոստոսի 23-ին դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ նշանակված է 20-րդ հոբելյանական դատական նիստը:
Նշան Գևորգյանը մեղադրվում է 3 անձի մահվան մեջ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ և 315 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ըստ մեղադրական եզրակացության 2010թ-ի հուլիսի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում, իմանալով նույն օրը ժամը 17:05-ին Արմավիր ԲԿ ընդունված հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն, հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հովհաննիսյանը մահացել է:
Նշան Գևորգյանը Հովհաննիսյանի մահվան մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ, ըստ իրեն, հիվանդն ունեցել է գանգուղեղային տրավմա և բուժում է ստացել Երևանում: Դուրս գրվելուց մի քանի օր հետո հիվանդի վիճակը վատացել է և տեղափոխվել Արմավիր ԲԿ: Բժիշկ Արմեն Գրիգորյանը, ով այդ պահին աշխատանքի մեջ չի գտնվել, կատարել է նեյրոխիրուրգական վիրահատություն, որի իրավունքը չուներ: Վիրահատությունից հետո հիվանդին հանձնել է վերակենդանացման բաժանմունք և լքել հիվանդանոցը: Հիվանդ երեխայի մոտ սկսվել է այրունահոսություն և գնալով վիճակը ավելի է ծանրացել: Երկար փնտրտուկից հետո մի 3-4 ժամ հետո հիվանդանոց է գալիս բժիշկ Գրիգորյանը, և տեսնելով, որ հիվանդի վիճակը ծանր է, զանգահարելու միջոցով տեղեկացնում է ԲԿ տնօրենին, որ անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել Երևան: Այնուհետև Գրիգորյանը հիվանդին վերակենդանացման բաժնից իջեցնում է ընդունարան և հրահանգում, որ սպասեն,– պատմում է Նշան Գևորգյանը, և ավելացնում, երբ ինքը հիվանդանոց է գալիս, հիվանդանոցի բակում տեսնում է հիվանդի մորը երեխային գրկած: Երեխայի առողջական վիճակից անտեղյակ, պատահած տաքսի ավտոմեքենայով ուղարկում է Երևան:
Ըստ Նշան Գևորգյանի, առաջին հերթին Հովհաննես Հովհաննիսյանի մահվան հիմնական պատճառը բժիշկ Արմեն Գրիգորյանի կողմից կատարած նեյրոխիրուրգիական միջամտությունն էր, որի հետևանքով հիվանդի մոտ սկսվել է այրունահոսություն և վիճակի վատթարացում:
Երկրորդ՝ բժիշկը պարտավոր էր հետևելու հիվանդի հետվիրահատական վիճակին:
Երրորդ՝ հիվանդի առողջական վիճակի վատթարացման դեպքում պարտավոր էր կազմակերպել հիվանդի արագ տեղափոխումը մայրաքաղաք:

Այս դրվագով Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, իսկ բժիշկ Արմեն Գրիգորյանը ներգրավված է որպես վկա, և սա այն պարագայում, երբ Արմեն Գրիգորյանն իր վկայության ժամանակ հաստատել է, որ Նշան Գևորգյանը տեղյակ չէր հիվանդի հիվանդության ծանրության աստիճանին:
Երկրորդ դրվագով, ըստ մեղադրական եզրակացության, Նշան Գևորգյանի անփույթ և անբարեխիղճ աշխատանքները կազմակերպելու, շտապօգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելու, ավտոմեքենաներին բավարար քանակով վառելանյութ չտրամադրելու հետևանքով 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը չի կարողացել այցելել Արմավիրի մարզի Այգեվան համայնք՝ հիվանդ Վռամ Խլղաթյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Դրա հետևանքով Վռամ Խլղաթյանը մահացել է:
Նշան Գևորգյանն այս դրվագով էլ իրեն մեղավոր չի ճանաչում և պարզաբանում է, որ բժշկական կենտրոնն ունի ավտոպարկ և ավտոպարկի ղեկավար, ով իր հաստատմանն է ներկայացնում ավտոմեքենաներին անհրաժեշտ վառելիքի քանակությունը: Պարկում առկա է եղել 1,5 տոննա վառելիք, շտապօգնության ծառայության ավտոմեքենաները ստացել են 5-ական լիտր բենզին: Ժամը 01:00-ի սահմաններում Այգեվան համայնքից զանգ է ընդունել ծառայության դիսպետչերը, կանչը գրանցել է և հանձնել հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանին: Վերջինս դիմել է հերթապահ վարորդ Մաթևոս Ասատրյանին կանչի գնալու նպատակով: Վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ վառելիք չունի: Հատկանշականն այն է, որ նույն վարորդն այդ գիշեր 2-3 կանչի մեկնել է:
Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում հարազատները սեփական միջոցներով Արմավիրի Բ/Կ են բերում Վռամ Խլղաթյանի դին: Այդ նույն վարորդը մահացածի հարազատների միջոցներով 10 լիտր բենզին է լիցքավորում բենզալցակայանից և, 5 000 դրամ հոնորար վերցնելով, մահացածի դին տեղափոխում է Այգեվան: Մյուս կողմից Արմավիր ԲԿ-ը պայմանավորվածություն ունի բենզալցակայանի հետ. անհրաժեշտության դեպքում, հատկապես գիշերային ժամերին, պարբերաբար լիցքավորել է շտապօգնության ծառայության ավտոմեքենաները, իսկ առավոտյան համապատասխան ձևակերպումներ են տրվել:
Հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանը հիվանդին օգնություն չցուցաբերելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության, սակայն համաներումը տարածվել է նրա վրա և պատիժ չի կրել:
Այս դրվագով Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով, իսկ Մաթևոս Ասատրյանը նույնիսկ որպես վկա չի հրավիրվել դատարան:
Ըստ Նշան Գևորգյանի, իրեն այդ օրը տեղյակ չեն պահել, որ վառելիքի խնդիր է առաջացել, կամ եթե այդ խնդիրն իրականում գոյություն ուներ, ինչպե՞ս է շտապօգնության ծառայության ավտոմեքենան արձագանքել մյուս կանչերին և այցելել հիվանդներին: Եվ ամենակարևորը, անձնական շահի համար այդ նույն շտապօգնության մեքենան կարողացել է մահացածի դին տեղափոխել Այգեվան, իսկ օգնություն ցուցաբերելու համար բենզին չի ունեցել:
Երրորդ դրվագով, ըստ մեղադրական եզրակացության, Նշան Գևորգյանի ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում ԲԿ-ն չի ապահովել լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ու երբ 2011թ. հունվարի 1-ին ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել և արդյունքում հիվանդը մահացել է:
Այս դրվագով նույնպես Նշան Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ պատճառաբանելով, որ նախ ինքը անձամբ հիվանդին չի տեսել, երկրորդ՝ երեխան մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արմենուհի Հարությունյանի անփույթ և ոչ պատասխանատու վերաբերմունքի պատճառով: Այդ օրը ԲԿ-ի վերակենդանացման բաժին է բերվում Արմենուհի Հարությունյանի եղբայրը և նա հիվանդ երեխային անօգնական թողնելով ամբողջ գիշեր գտնվել է եղբոր կողքին, իսկ առաջին աստիճանի շնչառական ասֆիկսիայով հիվանդանոց ընդունված հիվանդը բժշկական օգնություն չստանալու պատճառով առավոտյան շնչահեղձ է լինում: Երրորդ՝ Արմավիրի ԲԿ-ը, ըստ առողջապահության նախարարության կանոնների, իրավունք չունի ունենալու մանկական վերակենդանացման բաժանմունք, և այդ իսկ պատճառով չունի այդ ծառայության համար նախատեսված պարագաներ և սարքավորումներ, ավելին՝ մեր բժիշկներն այդ նպատակով նույնիսկ վերապատրաստում չեն անցել:
Այս դրվագով Նշան Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածով մեղադրվում էր նաև Արմենուհի Հարությունյանը, սակայն վերջինիս նկատմամբ իրադրության փոփոխության կապակցությամբ գործը կարճվեց: Նշան Գևորգյանին իրադրության փոփոխությունը մեղադրող կողմը մեկնաբանել է, որ Արմենուհին կարմիր դիպլոմ ունի:
Այս 3 դրվագները սկզբում մեկ գործով էին քննվում, այնուհետև դատարանը սկսեց քննել առանձին-առանձին: 2013թ. օգոստոսի 23-ին հոբելյանական դատական նիստն է նշանակած, սակայն վերջը դեռ չի երևում, քանի որ մեղադրող կողմը դատարանին չի կարողանում ապացուցել Նշան Գևորգյանի կատարած հանցանքն առաջադրված հոդվածներով:
Ո՞վ է մեղավոր 3 մահվան դեպքով, կպարզի դատաքննությունը, իսկ առայժմ Նշան Գևորգյանը մնում է առաջին մեղավոր անձը, ով պատճառ է դարձել երեք անձի մահվան մեջ: