Ենթադրենք ՀՀ օրինապաշտ քաղաքացին ցանկանում է իր համայնքում զբաղվել ծառայությունների մատուցման ոլորտի բիզնեսով և այդ նպատակով փոքրիկ կառույց կառուցել: Նախ պետք է տեղական իշխանություններից մրցույթային կարգով, կառուցապատման իրավունքով հողատարածք վարձակալի կամ աճուրդով այն գնի: Ենթադրենք այս գործընթացը բարեհաջող ավարտվել է և, քաղաքացին ձեռքում ունի հողի վարձակալության կամ սեփականության վկայական կառուցապատման իրավունքով:
Քաղաքացին պետք է տեղեկանքներ հավաքի տարածքում կոմունիկացիաների առկայության վերաբերյալ, որոնք, ի դեպ, գումարներ արժեն: Այնուհետև նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվիրի լիցենզավորված նախագծային կազմակերպությունում: Դրանից հետո նախագիծը համաձայնեցնի 5-6 կառույցների հետ, և իհարկե տեղական իշխանությունների հետ, որ վերջինս շինարարություն իրականացնելու թույլտվություն տա:
Բոլոր համաձայնություններն ու համայնքի ղեկավարի թույլտվությունը ստանալուց հետո պետք է շինարարություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության հետ պայմանագիր կնքի շինմոնտաժային աշխատանքները իրականացնելու համար: Միևնույն ժամանակ պետք է պայմանագիր կնքի շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության հետ: Բնական է, վերջինիս մատուցած ծառայությունն էլ գնահատվում է դրամական տեսքով: Այս գործընթացները օրենքը հարգող շարքային քաղաքացուց լավագույն դեպքում կխլեն 4-6 ամիս ժամանակ և պատկառելի գումարներ: Այս ամենից հետո միայն լիցենզավորված շինարարական կազմակերպությունը կսկսի շինմոնտաժային աշխատանքները, իսկ մյուս լիցենզավորված կազմակերպությունը հսկողություն կսահմանի, որ նախագծին համապատասխան պահպանվեն շինարարական նորմերը և շեղումներ չլինեն:
Շատ դեպքերում վերջին 2 պայմանագրերը կնքվում են, որոշակի գումարներ վճարվում են և քաղաքացին ինքնուրույն իրականացնում է շինմոնտաժային աշխատանքները: Նույնիսկ արդեն ձևավորված սակագներ են գործում:
Կառուցապատում իրականացնելու անօրինական ճանապարհը շատ համայնքներում կարելի է ավանդական համարել: Այսպես, եթե որևէ մեկին պետք է կառուցապատում իրականացնել իր ուզած վայրում, դրա համար կարելի է տեղական իշխանություններից ժամանակավոր տաղավար տեղադրելու թույլտվություն ստանալ, որը, ի դեպ, ավելի պարզ ընթացակարգով է կատարվում: Այնուհետև անպայման ուրբաթ առավոտյան տարածքը ցանկապատել ավանդական կապույտ գույնի պարսկական թաղանթով և ժամը 18:00-ից հետո սկսել հիմքի հողային աշխատանքները: Բնական է, աշխատանքների իրականացման օրացուցային պլանը տրվում է համապատասխան տեղից: Հիմքը շաբաթ օրը ավարտելուց հետո, կիրակի օրը կարելի է սկսել քարային աշխատանքները: Երկուշաբթիի ծանր աշխատանքային օրվա պատճառով ոչ ոք չի անհանգստացնի, իսկ երեքշաբթի, երբ կառույցն արդեն մի 4-5 շարք շարված կլինի, շինհրապարակ կայցելեն տեղական պաշտոնյաները և քաղաքաշինության նախարարության տարածքային տեսչությունը: Ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար արձանագրություն կկազմեն, կտուգանեն 400 հազար դրամ, որը նախագիծ պատվիրելու գումարի կեսն էլ չի կազմում: Մինչև արձանագրություն կազմեն, ներկայացնեն, օրեր կանցնեն և շինարարությունն առանց տեմպերը թուլացնելու առաջ կգնա: Տուգանքը վճարելուց հետո մնում է տեխնիկական հարցեր, այնպես անել, որ երկրորդ անգամ նույն մարդիկ չհայտնվեն օբյեկտում: Սա մեր օրերում ամենահեշտ լուծվող խնդիրներից է:
Կառույցն արագ կառուցելուց հետո ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի, և կառույցն էլ ապամոնտաժման չի ենթարկվի, համենայն դեպս պրակտիկայում ապամոնտաժման դեպքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ քաղաքացին առանց նախօրոք պայմանավորվելու է փորձել գործընթացը կազմակերպել:
Այնուհետև տեղական իշխանությունները համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն և կառույցը՝ ճանաչվելով օրինական, կունենա սեփականության վկայական:
Այլապես, ինչպե՞ս կարելի է արդարացնել կամ բացատրել համայնքներում այս ու այն կողմ սնկի պես հայտնվող կառույցների բազմությունը, որոնք ոչ միայն չեն համապատասխանում քաղաքաշինական նվազագույն նորմերին, այլ նաև իրենց գոյությամբ փչացնում են համայնքի ճարտարապետական տեսքը: