Հոկտեմբեր ամսին Հիդրոմետ ծառայությունը կարծեց շահեկան վիճակում է հայտնվել և հնարավորություն է ստացել վերջապես արդարացնելու իրենց ստացած աշխատավարձերը:
Նախ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Արարատյան դաշտավայրում կանխատեսեց ցրտահարություն: Կանխատեսումների այս շարքը, համենայն դեպս Արարատյան դաշտավայրում, իրականություն չդարձավ:
Ապա կանխատեսեց, որ հոկտեմբերի 26-ին հանրապետության ամբողջ տարածքում մթնոլորտի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով, այնուհետև՝ 8-15 աստիճանով: Ինչպես միշտ գյուղացին տուժեց, բայց ոչ թե ցրտահարությունից, այլ սխալ կանխատեսման պատճառով:
Կարելի էր չանդրադառնալ այս թեմային, սակայն, երբ կանխատեսողները սկսում են լրատվամիջոցներով արդարացնել իրենց հայտարարությունները, ստիպված ես գրել:
Կանխատեսող պաշտոնյաներից մեկը նախօրեին բացատրեց հանրությանը, որ Սյունիքում 20 աստիճան էր, իսկ կանխատեսած օրերին համարյա ձյուն եկավ: Բացատրությունը շատ նման էր 20-70 տոկոս զեղչի տրամաբանությանը: Երբ գնորդը, խանութում չգտնելով գոնե 30 տոկոս զեղչված ապրանք, հետաքրքրվում է, թե ինչո՞ւ է ցուցանակում գրված 20-70 տոկոս զեղչ, խանութի աշխատակիցները երկարատև պեղումներից հետո հաճախորդին ներկայացնում են մի անորակ լաթ, որի վրա տարածվում է 70 տոկոս զեղչը:
Նման պեղումներ կատարեց Հիդրոմետ ծառայության պաշտոնյան և նշեց, որ Ատլանտյան օվկիանոսից եկող ցիկլոնների շարժման դինամիկան դժվար է կանխատեսել: Հարց է առաջանում, եթե դժվար է, մի կանխատեսեք, քանզի այդ կանխատեսումը կարող է խփել գյուղացու առանց այն էլ դատարկ գրպանին:
Օրինակ, Արմավիրի մարզի սեղանի սորտի խաղող մշակող այգեգործների համար տարին բարենպաստ էր բերքի առումով, ինչը չի կարելի ասել իրացման տեսանկյունից: Գյուղացին, չունենալով գնորդ, ամեն օր փոքր քանակություն հավաքելով հասցնում էր շուկա և հանկարծ լսում է ցրտահարման լուրը: Գյուղացուն այլ բան չէր մնում անել, քան հավաքել մնացած խաղողը և «ջրի գնով» հանձնել ում պատահի (ասենք քիշմիշ տեսակի սեղանի խաղողը 120 դրամով գործարանին հանձնի), կամ առնվազն՝ օղու հումք դարձնի: Նույն կերպ վարվեցին բանջարաբոստանային կուլտուրաներ մշակողները, ովքեր վարունգը, կանաչ լոբին, կաղամբը, կանաչեղենը ցրտահարությունից փրկելու համար հավաքեցին ու իրացման խնդրի առաջ կանգնեցին:
Ավելի լավ է չկանխատեսել, քան իրականությունից հեռու կանխատեսումով հարվածել գյուղացու գրպանին: