Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակը առավոտից մարդաշատ էր: Մեկնարկում էր 2018 թվականի ամառային առաջին զորակոչը: Ներկաների տրամադրությունը տոնական էր, նորակոչիկներինը՝ նույնպես, երգն ու պարը դրա վառ ապացույցն էին: Զինակոչի առաջին օրը Արմավիրի մարզից ծառայության մեկնող նորակոչիկներին ողջունելու էին եկել Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները:
Նորակոչիկները հավաքվել, ծանոթացել ու որոշել էին՝ մեկնելուց առաջ չհուզվել, չտխրել և միևնույն ժամանակ միմյանց խոստացել ծառայության ընթացքում բարձր պահել մարզի պատիվը, իսկ ծնողներին կոչ արեցին համբերությամբ սպասել իրենց վերադարձին:
Վահե Մուրադյանն իր երկրորդ որդուն էր ճանապարհում հայոց բանակ: Հպարտ էր, առաջինն արդեն ծառայության ընթացքում գովասանքի արժանացել էր: Կրտսեր որդին կհետևի ավագ որդու օրինակին:
Զինակոչիկներին իր օրհնությունն էր բերել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Զինակոչիկներին ծառայության մեկնելուց առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում օրհնության կարգ կատարվեց, ապա հոգևոր թեմի կողմից աղոթագիրք և խաչ հանձնվեց:
Սարգսյանների ընտանիքը Ուկրանիայից Հայաստան էր եկել մի քանի օր առաջ՝ իրենց զավակին ժպիտով ու հպարտությամբ ծառայության ճանապարհելու համար: Նարեկը 3 տարեկան հասակում էր Հայաստանը լքել, բայց միշտ գիտակցել էր. Հայաստան կվերադառնա ու իր պարտքը կկատարի հայրենիքի առաջ:
Զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու և իրենց բարեմաղթանքները հղելու էին եկել ապրիլյան քառօրյա պատերազմում Արմավիրի մարզից զոհված զինվորների ծնողները: Նրանք ուժ ու եռանդ ցանկացան հայրենիքի սահմանների նոր պաշտպաններին ու կոչ արեցին հպարտությամբ մեկնել ծառայության: Նորակոչիկներն էլ իրենց հերթին խոստացան իրենց պարտքը պատվով կատարել հայրենիքի նկատմամբ: