Այս տարվա մայիսի 12-ի կարկուտի տեսքով բնական աղետը շատ գյուղացիական տնտեսությունների հանձնեց աղքատության ճիրանները: Ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեցին 100 տոկոսով տուժած պտղատու և խաղողի այգիներ ունեցող գյուղացիները: Բերքից 100 տոկոսով զրկված գյուղացիները 3 գրեթե անլուծելի խնդրի առաջ հայտնվեցին: Առաջին՝ պետք է լուծել հանապազօրյա հացի խնդիրը, երկրորդ՝ ծախսեր կատարել այգիները վերականգնելու համար, և երրորդ՝ սպասարկել վարկերը: Շատ գյուղացիներ, ովքեր ֆիզիկապես հնարավորություն ունեին, խնդիրների լուծման ելքը կապեցին արտագնա աշխատանքի հետ և լքեցին Հայաստանը: Մյուսները, ովքեր այդ հնարավորությունը չունեին, կապված ընտանեկան պայմանների կամ տարիքի հետ, մնացին Հայաստանում և հույսները կապեցին իշխանությունների գթասրտության հետ:
Աղետի հաջորդ օրվանից սկսվեց ցուցակագրումը, սկսած հողատարածքների ծավալներից, մշակաբույսերի տեսակներից մինչև ընտանիքի կազմ և կրած վնասի չափ: Մինչ օրս ցուցակները թարմացվում և ճշտվում են: Զուգահեռաբար կամաց-կամաց օգնություններ էլ են հասնում:
Արդեն գյուղացիներին օգնության տեսքով տրվել է դիզելային վառելիք, սերմացու, կարմիր խաչի ծանրոցներ: Սպասվում է 50 հազար դրամանոց օգնություն սոցիալական ծառայությունից, մինչև 350 հազար դրամանոց օգնություն զբաղվածության կենտրոնից: Որքան օգնությունների ցանկը ավելանում է, այնքան ավելանում են դժգոհությունները կարկուտից տուժած գյուղերում:
Դժգոհությունների հիմնական պատճառը օգնությունների բաշխման տրամաբանությունն է: Բոլոր օգնություններն ուղղված են սոցիալապես անապահով ընտանիքներին, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստառուների ցուցակում: Այս օգնություններից հիմնականում օգտվում են նույն մարդիկ, ովքեր, բացի տնամերձ հողամասից, այլ հողատարածք չունեն, այլապես ընտանեկան նպաստ չէին ստանա և չէին համարվի սոցիալապես անապահով:
Գյուղացիները դժգոհում են, որ շատ ապահով ընտանիքներ օգտվում են օգնություններից միայն այն հանգամանքով, որ գյուղապետարանում բարեկամ կամ հարազատ ունեն, և այդ ընտանիքները բոլոր օգնությունների ցուցակում իրենց կայուն տեղն ունեն:
Դժգոհ գյուղացիներին գյուղապետերը տալիս են միևնույն պատասխանը. «Ձերը մնաց հաջորդ փուլին»: Սակայն փուլերը գալիս անցնում են ու դժգոհությունները միայն ավելանում են:
Այսօր կարկուտից տուժած յուրաքանչյուր ընտանիք հայտնվել է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Հողը կա՝ եկամուտ չկա, չհաշված կատարած ծախսերը և բանկերից վերցրած վարկերը: Եթե կա գոնե նվազագույն օգնություն, պետք է բաշխվի արդարության սկզբունքով, այլապես գյուղացիներն իրավացի են՝ ով տուժի, ով օգնություն ստանա: