Ընդհանուր մակերեսով 1 հա այս հողատարածքում 80-ականներին սկսվել էր Դալարիկի նոր և մեծ դպրոցի կառուցումը: Երկրաշարժից հետո շինմոնտաժային աշխատանքները դադարեցվեցին, կիսակառույցը համարելով ոչ սեյսմակայուն: Հետագայում կիսակառույց դպրոցի շենքը սեփականության իրավունքով հանձնվեց համայնքին:
Դալարիկի գյուղապետարանը կիսակառույց շինությունն իր հողատարածքով վաճառելու նպատակով հայտարարել է մրցույթ: Աճուրդ-վաճառքը կայացել է 2012թ. սեպտեմբերի 15-ին: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 2 քաղաքացի: Ովքեր են եղել աճուրդ-վաճառքի մասնակիցները կամ ով է հաղթող ճանաչվել, գյուղապետը թաքցնում է անունները: Կիսակառույց դպրոցի նոր ու անանուն սեփականատերը, ով մոտ 11 մլն դրամով էր ձեռք բերել տարածքը, սկսել է շինության քանդման ու երկաթբետոնե կոնստրուկցիաների վաճառքի գործընթացը: Կառույցն ապամոնտաժող բանվորները նույնպես տեղյակ չեն ով է սեփականատերը:
Իսկ գյուղապետ Պարգև Սաղաթելյանին չի հետաքրքրում, թե ինչ նպատակով է կիսակառույց շինությունը քանդվում, ասում է ես ծախել եմ, կքանդեն, կսարքեն, ինչ կանեն, դա իրենց խնդիրն է, իսկ քանդման թույլտվություն կա:
Գյուղապետի ներկայացրած փաստաթղթերով աճուրդ-վաճառքն իրականացվել է օրենքի սահմաններում, բայց անզեն աչքով կարելի է տեսնել, մոտավոր հաշվարկ կատարել և հասկանալ, որ միայն երկաթբետոնե կոնստրուկցիաների շուկայական գինն առանց հողատարածքի մի քանի անգամ գերազանցում է աճուրդով վաճառքի գնին: Մինչդեռ գյուղապետի հաշվարկներով շինությունը նույնիսկ 250 անգամ թանկ է ծախել:
Մինչ գյուղապետն իր գոհունակությունն է արտահայտում իր բնորոշմամբ շահավետ գործարքի մասին, գյուղացիները խոսում են, որ տարածքը գյուղապետինն է, գյուղապետն էլ քանդում է, որ հանդիսությունների սրահ կառուցի: Որքանո՞վ են այս շշուկներն իրականությանը համապատասխանում, պարզ չէ, ինչպես և պարզ չէ սեփականատիրոջ ով լինելը:
Այն, որ հանդիսությունների սրահ է կառուցվելու, թաքցնելով սեփականատիրոջ անունը, հաստատում է նաև Պարգև Սաղաթելյանը, ավելին՝ մեծ ոգևորությամբ արդարացնելով գործարքը, գյուղապետն ասում է, որ այս շինության աճուրդ-վաճառքով գյուղին օգուտ եմ բերել: Բնականաբար համայնքի գույքի օտարումը աճուրդ-վաճառքով օգուտ է բերել համայնքին: Բայց այստեղ հարցը օգուտի չափի մասին է: