«Սուրբ խաչ» նորակառույց եկեղեցին դարձավ Բերքաշատ համայնքի սրբատեղին, որին համայնքի բնակիչները վաղուց էին սպասում: Օրեր առաջ տեղի ունեցավ «Սուրբ խաչ» եկեղեցու օծման կարգը, որը կատարեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ մասնակցությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Գրիգորիուս արքեպիսկոպոս Բունիաթյանի, տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Արմավիրի թեմի քահանայաց դասի: Հոգևոր դասի կողմից կատարվեց եկեղեցու դռնբացեքի կարգը, ապա օծվեց սուրբ ավազանը: Եկեղեցու ճարտարապետ Խաչիկ Դանիելյանի խոսքերով եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել էին 2011թվ-ի ապրիլ ամսից: «Սուրբ խաչ» եկեղեցու բարերարն է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Խաչիկ Խաչատրյանը, ով երկար տարիներ ապրում է Ուկրաինա քաղաքում և անդամակցում է տեղի հայ համայնքին: Խաչիկ Խաչատրյանն այս աստվածահաճո գործը կատարեց ելնելով իր հայրիկի վաղեմի երազանքից: Ինչպես ասաց Խաչատրյանը, հայրը վաղուց էր ցանկանում, որ իրենց համայնքում եկեղեցի կառուցվեր: «Սուրբ խաչ» կենտրոնագմբեթ եկեղեցում այսուհետ կկատարվեն եկեղեցական բոլոր ծեսերն ու արարողությունները և ամեն կիրակի «Սուրբ խաչ»-ում կմատուցվի սուրբ պատարագ: