Սեպտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 9:00-ին Արմավիրի մարզի խաղողագործները հավաքվել էին Ֆրանսիական «Պերնոդ Ռիկարդ» ընկերությանը պատկանող Երևանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի բակում: Նրանք պահանջում էին վերանայել հայտարարված 140 դրամ խաղողի մթերման սակագինը:
«Արարատ» գինու, կոնյակի գործարանը հայտարարել է, որ մթերումը սկսելու է սեպտեմբերի 11-ից և ընկերության կողմից մթերման գին է սահմանվել 140 դրամ մեկ կիլոգրամի դիմաց: Ավանդույթի համաձայն, բոլոր մթերող կազմակերպություններն իրենց մթերման գինը հարմարեցնում են շուկայում ամենամեծ խաղացող «Արարատ» գինու, կոնյակի գործարանի գների հետ: Այս անգամ ավանդույթը չխախտեց «Պռոշյան» գինու, կոնյակի գործարանը, որն ավելի վաղ էր սկսել մթերման գործընթացը և սահմանել էր 160 դրամ մեկ կիլոգրամի դիմաց, գյուղացիների մեկնաբանությամբ հրաժարվել է իր նախկին հայտարարությունից և այսուհետ սահմանել 140 դրամ սակագին մեկ կիլոգրամ խաղողի դիմաց:
Գյուղացիները գործարանում չստանալով որևէ հուսադրող պատասխան, որոշում կայացրեցին փակել Արմավիր-Երևան ավտոճանապարհը և 9:30-ի սահմաններում ճանապարհը փակվեց:
Ժամը 10:00-ի սահմաններում խաղողագործների հետ հանդիպեց Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Գյուղացիները ներկայացրին իրենց խնդիրները և տեղում որոշում կայացվեց լրագրողների մասնակցությամբ հանդիպել «Արարատ» գինու, կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ղեկավարության հետ:
Գործարանի պահպանության ղեկավարը հայտարարեց, որ ներս կարող է թողնել փոխմարզպետին և 3 խաղողագործի, կարգադրել են լրագրողներին ներս չթողնել, ինչն առաջացրեց խաղողագործների զայրույթը և մերժեցին հանդիպումը: Տեղեկանալով մերժման մասին, մասնաճյուղի պետը դուրս եկավ գործարանից և փորձեց հանգստացնել այգեգործներին:
Խաղողագործների հարցերը բազմազան էին ու տեղին, սակայն մասնաճյուղի ղեկավարը կամ անորոշ պատասխաններ էր տալիս, կամ ասում էր թույլ տվեք չպատասխանել, կամ արդարանում էր, որ ինքն ընդամենը վերամշակող է և կապ չունի գնային քաղաքականության հետ:
Այգեգործները, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, վերադարձան Արմավիր-Երևան ավտոճանապարհի պի կետ:
Այժմ սեփական վերլուծությամբ փորձենք գտնել գյուղացիներին հուզող հարցերի պատասխանները:
Հարց առաջին – Ինչո՞ւ խաղողի մթերման պայմանագրերում հստակ ֆիկսված չէ մթերման գինը:
«Պերնոդ Ռիկարդ» ընկերությունը սակագինը սահմանում է՝ հաշվի առնելով բերքի առատությունը, գյուղացու սոցիալական անելանելի վիճակը և իր գերիշխող դիրքը շուկայում: Քաջ գիտակցում է, որ, եթե նույնիսկ 100 կամ 80 դրամ սակագին սահմանի, գյուղացին գնալու տեղ չունի և այդ գնով էլ կհանձնի բերքը: Այստեղ է, որ ՀՀ իշխանություններն անելիքներ ունեն, թեկուզ այն պարզ պատճառով, որ կոնյակի ինքնարժեքում հումքի տեսակարար կշիռը 10 տոկոս չի հասնում:
Հարց երկրորդ – Տարվա սկզբին պայմանագրերը թարմացնելիս խոստացել էիք կարճ ժամանակում վերանայել և սահմանել մթերման սակագինը: Ինչո՞ւ ձեր խոստումը չկատարեցիք և սակագին հայտարարեցիք բերքահավաքի ժամանակ:
«Արարատ» գինու, կոնյակի գործարանն այստեղ էլ միտումնավոր ծուղակ էր պատրաստել այգեգործների համար: Եթե գարնանը հայտարարեր սակագին, այգեգործները պայմանագիրը կխզեին և այլ ընկերության հետ պայմանագիր կկնքեին: Այսօր գյուղացին այդ հնարավորությունից զրկված է:
Հարց երրորդ – Ինչո՞ւ է «Պեռնոդ Ռիկարդ» ընկերությունը Վրաստանում խաղողը մթերում 220 դրամով, իսկ Հայաստանում՝ 140:
Նշենք, որ «Պեռնոդ Ռիկարդ» ընկերությունը, ըստ «Նովոստի-Գռուզիա» գործակալության, հանդիսանում է Georgia Wines & Spirits (GWS) ընկերության 100 տոկոս բաժնետերը: Վրաստանում կամ չունի գերիշխող դիրք և զրկված է մթերման գներ թելադրելու հնարավորությունից, կամ գյուղացիների հետ ունի հստակ դրույթներով պայմանագիր: