Մի քանի անգամ ընթերցեցի նոր կառավարության ծրագրի «6.4.2 Առաջնահերթություն թիվ 2․ Գյուղատնտեսություն» մեկ էջանոց հատվածը: Ցավով արձանագրեցի, որ ծրագրի մի մասը՝ Սերգո Կարապետյանի ֆանտազիայից է, մյուս մասը՝ Իգնատի Առաքելյանի փիլիսոփայությունից:
Իսկ հիմա ավելի լուրջ:
Հիվանդին բուժելու համար նախ պետք է ունենալ հստակ ախտորոշման արդյունքներ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի գյուղատնտեսությունը, բժիշկների լեզվով ասած, գտնվում է անկայուն ծայրահեղ ծանր վիճակում, երբ աննշան սխալ մոտեցումը կբերի մահվան:
Թվարկենք գյուղատնտեսության ներկա խնդիրներն ըստ առաջնահերթության՝
Առաջին – Գյուղմթերքի իրացում
Երկրորդ – Ոռոգման ջուր
Երրորդ – Հակակարկտային կայաններ
Չորրորդ – Գյուղմթերքի բարձր ինքնարժեք
Հինգերորդ – Մաշված գյուղտեխնիկա
Վեցերորդ – Որակյալ բուժանյութ և պարարտանյութ
Յոթերորդ – Ապահովագրություն
Ութերորդ կետի մեջ կարելի է մտցնել բոլոր հեռահար ծրագրերը, առաջատար մեթոդների կիրառումը, կոոպերացիաների ստեղծումը և այլն:
Այժմ փորձենք ըստ կետերի քննարկել և զուգահեռներ տանել կառավարության ներկայացրած ծրագրի հետ:
Գյուղմթերքի իրացումը գնալով անլուծելի խնդիր է դառնում: Գյուղացու խոսքով, ավելի լավ է կարկուտը կամ ցրտահարությունը տանի, քան չարչարանքով ստեղծվածը ջուրը տանի: Կառավարության ծրագրով այս խնդիրը լուծվում է մեկ, այն էլ՝ վերջին պարբերությամբ. «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում արտահանման մեծ պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ։ Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն դեպի նոր շուկաներ»: Արձանագրենք, որ Հայաստանի, առանց վերամշակման, գյուղմթերքը արտահանման մեծ պոտենցյալ չունի: Այդ է վկայում ծառերի վրա մնացած կեռասը, իսկ վաղը փաստը կհաստատի ծիրանը: Հայկական կորիզավոր միրգը բարձր ինքնարժեքի և տրանսպորտային ծախսերի պատճառով այլևս մրցունակ չէ և չի կարող ռուսական շուկայում մրցել թուրքական կամ միջինասիական նույնանուն գյուղմթերքի հետ: Կրասնոդարի մարզի և Թուրքիայի մրգերն այսօր ողողել են Մոսկվայի շուկաները:
Հ.Գ. Կառավարությունը, առաջին հերթին, պետք է մտածի գյուղմթերքը հնարավորինս ներքին շուկայում սպառելու մասին, որը ենթադրում է խրախուսել վերամշակող կազմակերպությունների հզորությունների ավելացմանը և նորերի ձևավորմանը: Ինքնարժեքի խնդիր կա նաև վերամշակող կազմակերպություններում՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի բարձր սակագների հետ:
Ոռոգման խնդրի լուծման կառավարության տեսլականը հետևյալն է. «Կաթիլային և անձրևացման համակարգերի համատարած ներդրումը հնարավորություն կտա էապես խնայել ջրային ռեսուրսները»: Այս եղանակով ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելը վերջին երկու գյուղնախարարների կարմիր թելն էր դարձել, որի իրականացումը Արարատյան դաշտի կոշտ ջրերով գործնականում անհնար է, իսկ փոքր հողակտորներում, որտեղ պարբերաբար մշակաբույսը փոխվում է, անտրամաբանական է դառնում այս մեթոդը: Անտրամաբանական է նաև այն փաստը, որ երկիրը 2 միլիարդ խորանարդ մետրից ավելի քաղցրահամ ջուր է լցնում Կասպից ծովը և մեթոդներ է փնտրում տարեկան 25 միլիոն խորանարդ մետր ջուր տնտեսելու համար:
Հ.Գ. Հայաստանը Արարատյան արտեզյան ավազանի շնորհիվ քաղցրահամ ջրի խնդիր չունի, ընդամենը պետք է ջրային ռեսուրսների կառավարումը հանձնել արհեստավարժ մասնագետների և տեղափոխել իրավական հարթություն:
Հակակարկտային կայանները նախկին իշխանությունների կոռումպացված բիզնես նախագծերից մեկն էր: Երբ զրո էֆեկտիվությամբ մեկ կայանքի գինը տատանվում էր 1,2-6,5 միլիոն դրամ, կայանքների էֆեկտիվության երաշխիք է ընդունվել արտադրողի «պապաի արև» երդումը: Այսօր պիլոտային 3 հակակարկտային հրթիռային կայանքներ են տեղադրվել մեկը Արմավիրի, 2-ը՝ Արագածոտնի մարզերում, սակայն փորձարկումներ դեռ չեն կատարվել փամփուշտ չունենալու պատճառով: Դե մինչև փամփուշտները ներկրեն Ռուսաստանից, կրակելու թիրախի սեզոնն անցած կլինի: Կառավարության ծրագրում ասվում է. Կառավարությունը հնարավոր միջոցները կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։
Հ.Գ. Կարելի է նախ ուսումնասիրել և ներդնել Վրաստանի փորձը, որտեղ գործում են հակակարկտային հրթիռային կայանքներ:
Բարձր ինքնարժեք – Հայաստանի գյուղատնտեսական մթերքներն արտաքին շուկայում մրցունակ չեն իրենց բարձր ինքնարժեքի պատճառով: Գյուղմթերքի ինքնարժեքի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն ոռոգման ջուրը, բուժանյութերը, պարարտանյութը, բանկային տոկոսադրույքները, տեխնիկական միջոցները, ցածր բերքատվությունը: Կառավարությունն իր ներկայացրած ծրագրով արձանագրում է, որ ինքն այս թեմայի մեջ չկա, այսինքն կա՝ այսքանով. Կառավարությունը սկսել է աշխատանքը բանկերին ու վարկային կազմակերպություններին ֆիզիկական անձանց ունեցած գյուղացիական վարկային պարտավորությունների գծով տույժերի և տուգանքների համաներման, ինչպես նաև վարկային պատմությունների ճշգրտման ուղղությամբ:
Հ.Գ. Շատ քիչ երկրներ կան, որտեղ բավարար ջրային ռեսուրսների պարագայում այն վաճառում են գյուղացիական տնտեսություններին: Թող Հայաստանը վաճառի, բայց ոռոգման ջրի սակագինը պետք է տեղավորվի տրամաբանության մեջ: Ձկնարդյունաբերության բնագավառում ջրի սակագինը 1-5 լումա է, իսկ գյուղատնտեսության բնագավառում՝ 100 անգամ թանկ: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բանկային տոկոսադրույքների, սպասարկման և կանխիկացման թվերի մասին խոսելը նույնպես տրամաբանությունից դուրս է: Հայաստանի գյուղատնտեսությունը վաղուց կտրվել է գիտությունից, հետևանքը տարեցտարի բերքատվության անկումն է:
Գյուղտեխնիկա – Գյուղտեխնիկայի բացակայությունը մենաշնորհային դիրք է ապահովում որոշ անձանց համար: Մեկ հեկտար բանջար-բոստանային կուլտուրա մշակելու դեպքում գյուղացին 100 հազար դրամից ավելի գումար պետք է վճարի միայն տեխնիկական միջոցների համար: Եղած տեխնիկական միջոցներից շատերն իրենց դարն ապրել են և բերքահավաքի ժամանակ գյուղացին մինչև 30 տոկոս բերքի կորուստ է ունենում: Կառավարությունը, մեկ նախադասությամբ, այս հարցին լուծում է տալիս. Կառավարությունը նաև գործուն քայլեր կձեռնարկի մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներին առավելագույն կերպով բավարարելու ուղղությամբ։
Որակյալ բուժանյութ և պարարտանյութ – Գյուղացին բուժանյութի և պարարտանյութի ընտրության լայն հնարավորությունից զրկված է: Նախ՝ ոչ մի հետազոտություն չի կատարվել, թե հողն ինչ պարարտանյութի կարիք ունի, ներկրողներն ինչ առաջարկեցին, այն էլ տրվում է հողին: Թունաքիմիկատների նկատմամբ վստահությունը կորել է, հանդիպում են ժամկետանց, անարդյունավետ բուժանյութերի, համենայն դեպս գյուղացիներն են նման որակում տալիս: Չի բացառվում, որ գյուղացին սխալվում է, կարող է վնասատուներն են ընտելացել թունաքիմիկատներին: Չկան ուսումնասիրություններ, չկան փորձարկումներ, որ հստակ գնահատական տրվի երևույթին: Կառավարության ծրագիրն այս խնդրին էլ է շրջանցում:
Ապահովագրություն – Գյուղատնտեսության ապահովագրության մասին, որքան էլ խոսենք, այն տեղի չի ունենա, մինչ լուծում չստանան վերը նշված խնդիրները: Քանի դեռ խնդիրները և ռիսկերը կան, ապահովագրության մասին խոսելը մանկամտություն է:
Կառավարության ծրագրով նախատեսվում է հողային ռեսուրսները խնայել ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի միջոցով, ինչը թեորեապես լավ է, բայց գործնականում՝ անհնար: Հայաստանում չկա փոքր, մինչև մեկ հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսություն, որը հնարավորություն կունենա մի 10 միլիոն ներդրում կատարել ինտենսիվ պտղատու այգի հիմնելու համար և մի 3-4 տարի էլ տարեկան 1,5 միլիոն ծախսեր կատարի, որ հետո բերք ստանա: Մեդալի մյուս կողմն էլ ասում է, որ ինտենսիվ այգիների կյանքը 2-3 անգամ կարճ է, քան մեր ավանդական պտղատու այգիներինը:
Մի նկատառում էլ, վերջապես գյուղնախարարությունը ռազմավարություն մշակող կառույց է: Եթե բնագավառը գրավիչ դարձնելու ռազմավարություն ունենա և դարձնի, անմշակ հողերն էլ կվերանան, հակակարկտային ցանցերն էլ կհայտնվեն և բոլոր մանր-մունր խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, իսկ հետևանքներ վերացնելով՝ խնդիրներն ավելի են խորանում: