Գարնանը նկատվում է հրդեհների որոշակի աճ հիմնականում հողամասերի մաքրման աշխատանքների ժամանակ, երբ անտեսվում են հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջները: Քաղաքային և հատկապես գյուղական բնակչության կողմից, կարծես ընդունված ձև է դարձել հավաքած խոտի, տերևների, ճյուղերի մնացորդների ոչնչացումն այրման միջոցով: Ինչ խոսք, միջավայրի մաքրության պահպանումը կարևոր խնդիր է, սակայն այդ ամենը կարելի է անել անվտանգ և թույլատրելի ձևերով:
Մինչդեռ մեր բնակիչների մի ստվար մասը հողագործական աշխատանքների ընթացքում հավաքված աղբը այրում է որտեղ պատահի և երբ պատահի: Թողնելով գարնանային քամու և երեխաների քմահաճույքին, հանգիստ խղճով հեռանում: Արդյունքում կրակը հսկողությունից դուրս մնալով անարգել տարածվում է և ընդհուպ մոտենալով բնակելի հատվածներին և այգիներին, իրական սպառնալիք ստեղծում:
Անցանկալի դեպքերից խուսափելու համար Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը առաջարկում է չոր խոտի,տերևների,ճյուղերի մնացորդների ոչնչացման համար շինություններից,այգիներից անվտանգ հեռավորության վրա առանձնացված տեղեր հատկացնել:
Այրման ամբողջ ընթացքը հսկողության տակ առնել, վերջում կրակի մնացորդները ջրով հանգցնել, կամ ամբողջ մակերեսը ծածկել հողի բարակ շերտով:Որպես կանոն քամու առկայության պայմաններում արգելվում է այրման աշխատանքներ կատարելը: