Արմավիրի մարզի հասարակությունը, բավարար տեղեկացված չլինելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջներին, կարծում է իր մասնակցությունը ՏԻՄ աշխատանքներին սկսվում և ավարտվում է համայնքի ղեկավար և ավագանի ընտրելով:
Այսպես են մտածում Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում, մինչդեռ ՏԻՄ փոփոխություններով օրենքը կարևոր տեղ է տալիս հասարակության մասնակցությանը ՏԻՄ աշխատանքներին: Օրենքը ոչ միայն հնարավորություն է ընձեռում բնակիչներին մասնակցելու ՏԻՄ աշխատանքներին, այլև հնարավորություն է տալիս պահանջելու ՏԻՄ-ից օրակարգի հարց դարձնելու համայնքի կարևորագույն խնդիրները: Այսպես, «ՏԻՄ մասին» օրենքի հոդված 14 կետ 2՝

Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։

Եթե նախաձեռնությունը մերժվում է ավագանու կողմից, ապա նույն կետի վերջին պարբերության համաձայն՝

Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել և սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

Ըստ փորձագետների, փոփոխված օրենքի այս դրույթը մեծ հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին ոչ միայն մասնակցելու ՏԻՄ աշխատանքներին, այլև ավագանու քննարկման առարկան դարձնելու հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծումը:
Մեր ուսումնասիրությունների և շփումների արդյունքում պարզեցինք, որ մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզի 97 համայնքներից ոչ մեկում բնակիչները չեն օգտվել օրենքով նախատեսված այս հնարավորությունից: