«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները երկու նպատակ են հետապնդում՝ նախ օրենքի համապատասխանեցումը նոր սահմանադրությանը, երկրորդ՝ առավել ժողովրդավարական և թափանցիկ դարձնել ՏԻՄ աշխատանքները: ՏԻՄ փոփոխված օրենքի դրույթները բնակիչներին լիարժեք հնարավորություններ է տալիս մասնակցելու իր համայնքի կառավարմանը, պահանջներ ներկայացնելու, իսկ ցանկության դեպքում՝ ստիպելու ՏԻՄ-ին լուծելու համայնքի համար կարևորագույն խնդիրները:
Ինչպես ասում են, լավ օրենքը ոչինչ է, եթե այն կյանքի չի կոչվում:
Տեղական ինքնակառավարման մասին փոփոխված օրենքի պահանջների կատարման առումով Արմավիրի մարզի ՏԻՄ-ին կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խումբը ընդհանրապես տեղյակ չէ փոփոխված օրենքի պահանջներին: Երկրորդ խումբը տեղյակ է փոփոխված օրենքին, սակայն չի շտապում դրանք կիրառել կամ կատարել: Երրորդ խումբը նույնպես տեղյակ է օրենքում կատարված փոփոխություններին, սակայն մի երկու հոդվածի պահանջ կատարելով համարում է գործն ավարտած:
Մեր ուսումնասիրության արդյունքներն ամփոփելով՝ եկանք այն եզրակացության, որ Արմավիրի մարզի ոչ մի համայնքում լիարժեք չի գործում ՏԻՄ մասին օրենքը:
Եթե կա օրենք, ուրեմն ենթադրաբար պետք է լինի նաև մարմին, որը հսկողություն կսահմանի օրենքի դրույթների կատարմանը:
Նախ փորձեցինք Արմավիրի մարզպետարանից ճշտել, թե որքանով է մարզպետարանը լիազորված հսկողություն սահմանելու մարզում ՏԻՄ մասին օրենքի դրույթների կատարմանը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մարզպետարանը հսկողություն է սահմանում միայն գույքահարկի գանձումների մասով:
Փորձեցինք նույն խնդրով դիմել ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչություն: Վարչության պետ Աշոտ Գիլոյանը պարզաբանեց, որ օրենքի կատարման ընթացքին հսկողություն պետք է սահմանեն մարզպետարանները:
Մեզ մնում էր դիմել փորձագետների՝ հասկանալու համար, թե ո՞ր կառույցի լիազորությունների մեջ է մտնում ՏԻՄ մասին օրենքի կատարման հսկողությունը:
Այժմ տեսնենք, թե վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ի՞նչ դրույթներ է պարունակում օրենքների պարտադիր կատարման առումով:
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 14
Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Բացի այդ,
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝
Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ – հրամայական ու պաշտոնական է:
Օրենքները նորմատիվ իրավական ակտեր են:
Իմպերատիվ են կոչվում այն իրավական նորմերը, որոնցում ստույգ կերպով նշված վարքագծի կա¬նո¬նին պետք է անշեղորեն հետևեն իրավունքի բոլոր սուբյեկտները։
Սա նշանակում է, որ ՏԻՄ մասին օրենքի պահանջների կատարման ամբողջ պատասխանատվությունն իր լիազորությունների շրջանակներում կրում է համայնքի ղեկավարը:
Իսկ նույն օրենքի 91 հոդվածի 1 կետով՝
Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների խախտում հայտնաբերած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել իրավական ակտն ընդունող, հրապարակող կամ հրատարակող մարմին կամ դրա վերադաս մարմին (եթե դա ունի վերադաս մարմին) կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան` պահանջելով օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար եւ այդ մասին տալ համապատասխան տեղեկատվություն:
Այս հոդվածի համաձայն համայնքի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետևողականորեն պահանջել, նույնիսկ դատարանով ստիպել ՏԻՄ-ին կատարելու օրենքով նախատեսված իրենց պարտադիր լիազորությունները: