Կարևորը ձմռանը ջեռուցման հարցը լուծելն է: Ջրառատցիները հազիվ են հասցրել պահանջվող փայտը ձեռք բերել, կոտրում են, որ չորացնեն ու տունը տաքացնեն, գյուղում ամեն մեկը չէ, որ կարող է իրեն շռայլություն թույլ տալ ու բնական գազ ունենալ:
Հոգսերը շատ են, ՏԻՄ աշխատանքի թափանցիկության մասին այստեղ ամենավերջում են մտածում, առանձնապես չի հետաքրքրում:
ՏԻՄ բարեփոխված օրենքի մասին բոլոր համայնքներում են լսել, բայց կիրառում են, թե ոչ, այլ հարց է, ասում են ավանդական ձևն ավելի արդյունավետ է, քան օրենքի պահանջի կիրառումը, ասենք՝ ավագանուն նիստերի հրավիրելու հեռախոսազանգով տարբերակն ավելի արագ է աշխատում, քան 7 օր առաջ օրենքով, կարգով տեղեկացնելը: Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը դեմ չէ օրենքի կիրառմանը, բայց տարիների փորձով գիտի՝ ծանոթ-բարեկամով հարցեր լուծելը գյուղի ազգաբնակչության համար ավելի արդյունավետ է: Գյուղապետը գիտի՝ գյուղացիներին ՏԻՄ աշխատանքն այնքանով չի հետաքրքրում, որքանով մինչ օրս չի կարողանում բացատրել, որ ճանապարհների ասֆալտապատում համայնքի բյուջեով կատարել չեն կարող:
Ջրառատը ավագանու 9 անդամ ունի: Աշխատակազմի քարտուղար Մարինե Առաքելյանը վստահեցնում է՝ նիստերի մասին ավագանու անդամներին տեղեկացնում են 7 օր առաջ, արտահերթի դեպքում՝ 3 կամ 1 օր առաջ, ըստ օրակարգի հարցերի հրատապության:
Նիստերի մասին հասարակությանը տեղեկացնում են համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով, նախ հայտարարությունն են տեղադրում, ապա՝ օրակարգն ու ավագանու կայացրած որոշումները: Աշխատակազմի քարտուղարը նկատում է՝ համայնքի ազգաբնակչությունը մասնակցություն չի ունենում նիստերին, առաջարկություններ ևս չի անում, միակ դեպքը նախորդ տարի ճանապարհաշինության խնդրով մոտ 60 բնակիչների ներկայացրած դիմում-բողոքն է եղել, որն ընդգրկվել է ավագանու նիստի օրակարգում, բայց հարցին լուծում տալ չեն կարողացել: Համայնքի ղեկավարը խնդրով պատկան մարմիններին է դիմել, առայժմ ոչինչ չի փոխվել: