Իշխան Պետրոսյանը Նալբանյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն է: Արդեն 50 տարի է, նույն ոլորտում է աշխատում, օրենքի փոփոխություններին ուշադիր հետևում է: Ասում է որոշ կետերի պահանջներ կատարում են, որոշները բաց են թողնում, գյուղ է, ընդունված ձև է, ավանդական եղանակն ավելի արդյունավետ է: Ավանդական եղանակներից մեկը ավագանու նիստերի մասին ավագանու անդամներին հեռախոսազանգով տեղեկացնելն է, համայնքի ազգաբնակչությանը բանավոր կերպով նիստերի որոշումների մասին պատմելն է և այլն: Նալբանդյանում ավագանու 9 անդամ կա, Նիստերը կայանում են տարեկան կտրվածքով պարտադիր 6 անգամ: Երբեմն նաև արտահերթ նիստեր են գումարվում: Պետրոսյանը չի հերքում ՏԻՄ աշխատանքները լավագույնս կազմակերպելու գաղտնիքը հասարակության հետ համագործակցելու մեջ է, բայց միշտ չէ, որ ստացվում է:
Իշխան Պետրոսյանը գիտի, որ համայնքը պետք է համացանցային պաշտոնական կայք ունենա, բայց ոչինչ չի կարող անել, համակարգիչները հին են, ծրագիրը չի գործում, իսկ համայնքի բյուջեն նոր համակարգիչ գնելու հնարավորություն չի տալիս:
Սինքրոն – Նալբանդյանցիների գյուղամեջն է, հենց այստեղ են հավաքվում գյուղի ահել ու ջահել, մեկ առավոտյան, մեկ երեկոյան: Վերջին մեկ ամսում օրակարգը խախտվել է, նրանք այստեղ են օրվա ցանկացած ժամի: Ոռոգման ջուր չկա, հող մշակել չի ստացվում, ժամանակը հենց այս տաղավարում է անցնում՝ դժգոհելով, խնդիրները քննարկելով ու վառելափայտի մասին մտածելով: Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ավագանու և համայնքի ղեկավարի թափանցիկ աշխատանքը, միայն գիտեն, որ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը ավագանու «շեֆն» է:
Պետրոսյանը փորձում է հերքել: Ասում է գյուղացիները գյուղապետարանի աշխատանքից տեղյակ են, նիստերի մասին նույնպես, ցուցատախտակներ ունեն, դրանց վրա փակցված են ավագանու նիստերի որոշումները: Ցուցատախտակում, բացի վարկերի մասին հայտարարություններից, ոչինչ չկար: Քարտուղարը վստահեցնում է, փակցրել են, կամ քամին է պոկել, կամ երիտասարդները: Նալբանդյան համայնքում ավագանում ձևավորված հանձնաժողովներ էլ չկան: Պետրոսյանը գիտի հանձնաժողովների պարտադիր լինելու և անելիքների մասին, բայց սպասում է համայնքների խոշորացումն ավարտվի: Դիտարկմանը, որ համայնքների խոշորացումը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ հանձնաժողովների ստեղծման հետ, աշխատակազմի քարտուղարը երկրորդ պատճառաբանությունը բերեց. «Մեկ տարուց համայնքի ղեկավարի ընտրություն է լինելու, պետք չէ խառնել ամեն ինչ, դրանից հետո օրենքի պահանջը կկատարեն միայն»: