3480 բնակիչ և ավագանու 9 անդամ ունեցող Բամբակաշատի ՏԻՄ առաջին հայացքից ամեն ինչ անում են թափանցիկ աշխատելու և ազգաբնակչությանը իրենց աշխատանքների մասին տեղեկացնելու համար: Հենց գյուղապետարանի մուտքի մոտ փակցված է համայնքի ղեկավարի հնգամյա ծրագիրը, պատերին՝ ավագանու նիստերի որոշումները: ՏԻՄ բարեփոխված օրենքի պահանջի մասին այստեղ լսել են, որոշ չափով նաև ծանոթացել, բայց աշխատակազմի քարտուղար Ստեփան Մարտիրոսյանն ասում է բարեփոխված օրենքը չէր, որ ստիպեց աշխատակազմին որոշումները հրապարակային դարձնել. դա իրենց մոտ ձևավորված ավանդույթ է: Հարցին՝ արդյո՞ք ավագանու նիստերի կայացման օրվա, ժամի մասին տեղեկացնում են գյուղի ազգաբնակչությանը, քարտուղարը միանգամից պատասխանեց. «Չեն տեղեկացնում և բարեբախտաբար այլոց միջոցով էլ չեն տեղեկանում»:
Ավագանու անդամներին պատշած կերպով են տեղեկացնում նիստերի մասին,- ասում է Մարտիրոսյանը. 7 օր առաջ որոշման նախագիծն են տրամադրում, 3 օր առաջ էլ զանգում հիշեցնում են:
Ստեփան Մարտիրոսյանը գիտի նաև, որ օրենքի պահանջ է համայնքի համացանցային պաշտոնական կայք ունենալը: Գիտի նաև, որ ունեն: Կայքում եղած տեղեկատվությանը ծանոթ չէ, չի էլ կարող ծանոթանալ, համակարգչային օպերատորը արձակուրդում է, միայն նա կարող է մուտք գործել համայնքի պաշտոնական կայք:
Բամբակաշատցիները ՏԻՄ աշխատանքներին չեն ուզում խառնվել: Պատճառը մեկն է, հետաքրքրված չեն:
Բամբակաշատի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը վստահեցնում է, եթե գյուղի համար հրատապ հարց է քննարկվում, հասարակությանն էլ են ներգրավում: Այդ դեպքում հայտարարություններ են փակցնում մթերային խանութների պատերին, որտեղ ելք ու մուտքը շատ է: Ասաց վերջերս է նման դեպք եղել, ինչի մասին, չհիշեց, բայց վստահ է, հարևանությամբ խանութի պատին փակցրել էին: Մենք նույնպես չգտանք հայտարարությունը, որպեսզի պարզեինք Բամբակաշատի հասարակությունը ի՞նչ քննարկման էր մասնակցել գյուղապետարանում: