Հունիսի 11-ին Սարդարապատի հուշահամալիրում կայացավ Տոլմայի 2-րդ համահայկական փառատոնը: Փառատոնը իրականացվում է <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի կազմակերպիչն է հանդիսանում <<Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում>> հասարակական կազմակերպությունը, փառատոնին իր անմիջական աջակցությունն է ցուցաբերում Արմավիրի մարզպետարանը: Միջոցառումը մեկնարկվեց երեկոյան ժամը 18-ին: Մրցույթին ներկայացել էին 22 խոհարարներ մայրաքաղաքից և մարզերից, հայ խոհարարները փառատոնին ներկայացրել էին տոլմայի ավելի քան 70 տեսակ, որոնք ճաշակելու հնարավորություն ունեցան փառատոնի հյուրերը: Արփինե Առկիանը Տոլմայի փառատոնի մասնակիցներից էր, ով այսօր ներկայացրել էր Արևմտյան Հայստանի մասնագիտացված խոհանոցը: Արփինեն երկար տարիներ ապրել է Սիրիայում և հմտանալով Արեւմտյան Հայաստանի խոհանոցին արդեն 3 տարի է ինչ տոլմա է պատրաստում Երևանի <<Արեւմտյան Հայաստանի խոհանոց>> ռեստորանային համալիրում: Նա այսօր պատրաստել էր ձավարով ու բրնձով տոլմա` համեմված նանայով, կիտրոնով և այլ բազմաթիվ համեմունքներով: Հայկական ավանդական կերակուրը համտեսելու հնարավորություն ունեցան բոլորը: Փառատոնը կավարտվի մրցանակաբաշխությամբ, որտեղ հաղթողը կստանա կավե գավաթը և երեք տաղավար կարժանանա երեք մրցանակների լավագույն համ ու հոտ, լավագույն տեսք և լավագույն մտահաղացում անվանակարգերով: Սարդարապատի հուշահամալիրը ունի պատմական անցյալ, որին արդեն 2 տարի շարունակ նաև միանում է մշակութային կյանքի զարգացումն ու ամրապնդումը: