Երասխահուն գյուղի բնակիչները չեն կարողանում սածիլի աշխատանքները սկսել: Ոռոգման սեզոնը բացվել է, բայց Երասխահուն ոռոգման ջուր չի հասել, կամ որոշ հատվածներում ընդամենը երկու օր առաջ են ոռոգման հնարավորություն ստացել: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանը վրդովված է, այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հարցը բարձրացրեց ու պնդեց՝ ոռոգման ջրի պատճառով գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են, տուժողը գյուղացին է:
Արմեն Ավետիսյանը ջրամատակարարին ընկերական ու բարեկամաբար է դիմել, խնդրել է ջուր մատակարարել, միջնորդի միջոցով է խնդիրը տեղ հասցրել, բայց անօգուտ:
Ոռոգման ջուր չկա նաև Ջրառատ գյուղում: Ըստ գյուղապետի 300-400 հեկտար հողատարածք միայն այդ պատճառով անմշակ է մնացել: Եղեգնուտի գյուղապետն ավելի քան դժգոհ է, ոչ միայն այս ժամանակահատվածում, այլև ոռոգման սեզոնի ողջ ընթացքում եղեգնուտցին ոռոգման ջրի խնդիր ունի: Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանն էլ համարում է, որ ոռոգման ջրի դիմաց նախկին պարտքերն անտրամաբանական են և, որ մատակարարի հետ նոր պայմանագրեր գյուղացիներն այնքան ժամանակ չեն կնքի, քանի դեռ պայմանագրում ոռոգման ջրի բացակայության դեպքում գյուղացու կրած վնասի փոխհատուցման մասին դրույթ չի ներառվել:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՋՕԸ ղեկավարին նախ հարցրեց պարտքերի ծագումնաբանության մասին, ապա մարզպետարանի իրավաբանական վարչության պետին հանձնարարեց ուսումնասիրել պայմանագրի բնույթը:
ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Քոչարյանը վստահեցնում է՝ պարտքերը նախորդ տարիներից են կուտակվել և, որ ինքը պարտավոր է այդ մասին տեղեկացնել պարտքատիրոջը: Լայֆ –
Նշենք, որ Արմավիրի մարզի 6 ջրօգտագործող ընկերություններ կառավարության որոշմամբ լուծարվեց, ստեղծվեց մեկ մարզային կառույց, իսկ վեջինները դարձան մարզային կառույցի տեղամասեր:
Գյուղապետ – ջրամատակարար անհամաձայնությունները շարունակվեցին: Գյուղերի թիվն ավելացավ, որտեղ ոռոգման ջրի պատճառով անմշակ հողատարածքներ կան: Պարտքերի մասին հարցում գյուղապետերը ևս համաձայնության չեկան: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցներին հանձնարարեց ուսումնասիրել և ներկայացնել մարզում, որ գյուղում որքան հող է անմշակ մնացել ոռոգման ջրի պատճառով: