Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը նախօրեին հանդիպել է Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ: Նա քաղաքապետ Համբարձումյանին ներկայացրել է Արարատի Օրհուս կենտրոնի գործունությունը եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Մասիսի քաղաքապետը ողջունել է համակարգողի եւ կենտրոնի գործունեությունը մարզում եւ ներկայացրել Մասիս քաղաքում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրները, որոնցից են` կանաչ տարածքների բացակայությունը, համայնքին մոտ գտնվող աղբավայրը, խմելու ջրի վատ մատակարարումը եւ վատ որակը և այլն:
«Ներկայիս աղբավայրը գտնվում է Մասիս քաղաքին շատ մոտ, ընդգրկում է մոտ 10 հա տարածք: Աղբահանությամբ զբաղվող ընկերությունը լիցենզիան ստացել է 99 տարով, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ նման տարածքում աղբավայրի գոյությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի վարձակալողի հետ խզվի նախկին պայմանագիրը, եւ փորձենք գտնել ճիշտ լուծում, անգամ` նոր աղբավայրի տեղ որոշելու եւ քաղաքից աղբավայրը հեռացնելու տարբերակով»,- կենտրոնի համակարգողին ասել է քաղաքապետ Համբարձումյանը եւ անդրադարձ արել նաև խմելու ջրին, որն այսօր մասիսցիներին մատակարարվում է ցածր որակով եւ ընդամենը մի քանի ժամով:
Քաղաքի կոյուղու, հեղեղատարների եւ դրենաժային համակարգի հետ կապված` համայնքապետը նշել է, որ դրանք գրեթե գոյություն չունեն, եւ այս առումով նույնպես աշխատանքները շատ են:
Քաղաքապետը նաեւ ցանկություն է հայտնել, որ նմանատիպ մի կենտրոն էլ բացվի հենց Մասիսում, որ առողջ եւ սերտ համագործակցության արդյունքում փորձեն լուծում տալ առկա բնապահպանական հիմնախնդիրներին:
Կենտրոնի համակարգողը Դ. Համբարձումյանին տեղեկացրել է, որ նախատեսում է բնապահպանական տեղեկատվական դասընթացների շարք սկսել նաեւ Մասիս քաղաքի հանրակրթական դպրոցներում, ինչը ողջունվել է: