7-ամյա Ալենը ծնողների հետ մոտ մեկ տարի ապրել է Գերմանիայում: Ալենը գերադասում էր Հայաստանում ապրել և մեկ տարի առաջ նրա երազանքն իրականություն դարձավ:
Դեպքերի բերումով Գինոսյան Կարինեն ամուսնու և որդու հետ 2014 թվ-ին մեկնում է Եվրոպա՝ հույս ունենալով հաշմանդամ ամուսնուն բուժում գտնել Գերմանիայում:
Տեղաշարժման խնդիրներ ունեցող Կարինեի ամուսինը մեկ տարի բուժում ստանալուց հետո չիջավ սայլակից, նրան ստացիոնար բուժում նշանակվեց, իսկ Կարինեն հայտնվեց փախստականների ճամբարում:
Կարինեն փոքրիկի հետ չի կարողանում դիմակայել խնդիրներին, փորձում է հարևաններից օգնություն խնդրել, բայց անօգուտ:
11 ամիս դիմակայելուց հետո 25-ամյա Կարինե Գինոսյանը որոշում է ընտանիքով վերադառնալ հայրենիք, բայց վերադառնում է միայն որդու՝ Ալենի հետ:
Հայրենիք վերադառնալուց հետո Կարինեն սկսում է աշխատանք փնտրել, Ալենի հոգսերը պետք է անձամբ հոգար: Կարինեին խորհուրդ են տալիս աջակցության համար դիմել Հայաստանում Ֆրանսիայի էմիգրացիայի և ինտեգրման գրասենյակ:
«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում Ֆրանսիայի էմիգրացիայի և ինտեգրման գրասենյակը երկու փուլով մոտ 3 մլն դրամի չափով աջակցություն է ցուցաբերում Կարինեին բիզնես ծրագիր իրականացնելու համար: Հատկացված գումարով Կարինեն կոսմետիկայի խանութ է բացում: Բիզնես ծրագիրը հաջողությամբ է իրականացնում: Ալենն այս տարի երկրորդ դասարան կհաճախի, Մեծամոր քաղաքում արդեն շատ ընկերներ ունի:
Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի գործատուների հետ համագործակցության և աշխատաշուկայի տվյալների հավաքագրման բաժնի աշխատակից Անի Միքայելյանից տեղեկանում ենք, որ նախորդ տարիներին Արմավիրի մարզում ևս երկու հայրենիք վերադարձած աջակցություն է ստացել՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու և ձկան վերամշակման արտադրամաս հիմնելու համար:
Արմավիրի միգրացիոն ռեսուրս կենտրոնում գրանցված է 4073 միգրանտ, որոնցից 1144-ը արտերկիր մուտքի արգելք ունի: Տարածքային կենտրոնը 2014 թվ-ին խորհրդատվություն է տրամադրել 1889, 2015-ին՝ 1747 և 2016-ին՝ 409 մարդկանց, ովքեր պատրաստվում են մեկնել արտերկիր: