Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում խնդիրներ շատ կան: Դրանք սկսվում են փողոցների լուսավորությունից, ավարտվում մշակույթի տան վերանորոգումով: 5-րդ դասարանցի Գայանեն դպրոցից տուն է վերադառնում, ամեն օր մշակույթի տան բակով է անցնում, դպրոցը մշակույթի տան ետնամասում է գտնվում, սակայն երեխան մինչև հիմա չգիտի, որ այս շինությունը, որի բակով օրը երկու անգամ անցնում է, մշակույթի տուն է: Գայանեն երբևէ չի տեսել ու առավել ևս չի էլ մասնակցել որևէ մշակութային միջոցառման, որը կկայանար հենց մշակույթի տանը:
Մշակույթի տանը միակ գործող սենյակը գրադարանն է մնացել, շենքի պատուհանները կոտրվել են, պատերի ծեփերը թափվել: Գյուղի մեծերը նույնիսկ չեն հիշում, թե վերջին անգամ գյուղի մշակույթի տունը երբ է գործել: Իրենց համար ոչ այդքան, բայց թոռնիկների համար են մտահոգվում: Եթե մշակույթի տունը վերանորոգվեր, այդտեղ խմբակներ կգործեր, միջոցառումներ կիրականացվեր և դասերից հետո երեխաների ու երիտասարդների համար համար զբաղմունքի տեղ կլիներ, մշակույթը գյուղում կզարգանար: Հովհաննես պապն ասում է. «Եթե կուլտուրայի տունն աշխատեր, երեխեքը ստեղ ոչ թե ռազբորկա կանեին, այլ կուլտուրական մարդ կմեծանային, նրանց կյանքն ավելի կուլտուրական կդասավորվեր:
Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանն իր քառամյա ծրագրում է ներառել մշակույթի տան վերանորոգումը, բայց մինչ օրս ծրագրի այդ կետը իրականացնել չի հաջողվում: Համայնքի բյուջեով կարողացել է միայն տանիքը վերանորոգել: Շենքի վերանորոգման համար հաշվել են, ավելի քան 100 մլն դրամ է անհրաժեշտ: Ըստ գյուղապետի, հարցի լուծման համար պետական աջակցություն է պետք:
Մինչև գյուղապետը բարեգործներ է փնտրում կամ պետական աջակցության սպասում, Մյասնիկյանի տարեցները մշակույթի տանը գոնե մեկ սենյակի վերանորոգում են ակնկալում՝ հավաքատեղի ունենալու և ազատ ժամանակն այդտեղ անցկացնելու համար:
Մյասնիկյանի գյուղապետի համար կարևոր խնդիրը մնում է նաև փողոցների լուսավորությունն ու գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Գյուղապետարանի բյուջեով որոշակի ներդրումներ կատարվում են փոսալցումների համար, սակայն վերանորոգման համար լուրջ ներդրումներ են պետք: Այժմ գյուղապետը բյուջեի միջոցներով փորձում է դաշտամիջյան ճանապարհները հարթեցնել: Գյուղապետն ասում է իր առջև ծառացած երեք կարևոր խնդիր կա, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Իր քառամյա ծրագրում ներառված աշխատանքներից Մյասնիկյանի գյուղապետը կարողացել է գյուղի 4 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգել, կոյուղու ցանց կառուցել և խմելու ջուր ապահովել, ընդլայնել է ոռոգման ցանցը և մոտ 2,5 մլն դրամ գումար հատկացրել այգեգործական թաղամասի գազաֆիկացման համար: