Արմավիրի մարզպետի կարգադրությամբ կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի մարզի տարածքով հոսող Արաքս, Քասախ, Մեծամոր գետերի և հեղեղատարների ափապատնեշների վիճակը, կառանձնացվեն առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները: Այս մասին այսօր տեղի ունեցած մարզխորհրդի նիստին ասաց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Ըստ Այվազյանի մարզի գյուղատնտեսական արտադրության զարգացմանը նպաստող կարևոր բնագավառ է հանդիսանում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման, հողերի կրկնակի աղակալումից և ճահճացումից պաշտպանելու նպատակով կոլեկտորադրենաժային համակարգի անխափան գործունեության ապահովումը, որը ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվում է առանձնակի հսկողությամբ: Այս տարի մարզում նախատեսված է մաքրել 35 կմ բաց դրենաժային համակարգ,- ասաց Արթուր Այվազյանը, և ավելացրեց, որ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման շարքում, որպես արհեստական ոռոգվող երկրագործության տարածք, առաջնահերթ նշանակություն ունի ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքների իրականացումը: Մարզի գլխավոր գյուղատնտեսը հորդորեց ջրամատակարարներին և ջրօգտագործողներին առավել կազմակերպված ու բարեխղճորեն կատարել համակարգի կառուցման, մաքրման և վերանորոգման աշխատանքները, որպեսզի ոռոգման ջուրն ավելի արդյունավետ օգտագործվի և կորուստները մինիմումի հասցվի: Արթուր Այվազյանը համայնքի ղեկավարներին կոչ արեց առավել ուշադիր և զգոն գտնվել համայնքի աղբահանության նկատմամբ, գյուղ մտնող կամ դուրս եկող ճանապարհներին թույլ չտալ, որպեսզի աղբակույտեր գոյանան, և որ պակաս կարևոր չէ, գյուղացիներին հորդորել իրենց աղբը չնետել ջրատար առուներ:

Գյուղվարչոթյան պետն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից տրամադրվող  շուկայականից ավելի մատելի գներով գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք պարարտանյութին և դիզվառելիքին: Մարզին հատկացվել է 6000 տոննա ազոտական պարարտանյութ՝ 1 պարկը 6000 դրամով, 200 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր՝ 1 պարկը 7000 դրամով և 550 հազար լիտր դիզելային վառելիք՝ 1 լիտրը 280 դրամով: Եզրափակելով գարնանային նախապատրաստական աշխատանքների մասին իր զեկույցը, Այվազյանը նշեց, որ գարնանացանի համար հատկացվել է 80 տոննա գարու և 5 տոննա առվույտի սերմացու: