Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն իր քառամյա ծրագրում ներառել է հետևյալ անելիքները՝ տարեկան խոստացել է 5 բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգել, փողոցները բարեկարգել ու լուսավորել, քաղաքի ոռոգման ցանցն ընդլայնել, ենթակառույցների համար գույք ձեռք բերել, գազաֆիկացնել, զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը բարեկարգել: Ո՞րքանով է քաղաքապետը հավատարիմ մնացել քաղաքի զարգացման իր քառամյա ծրագրի դրույթներին, դա մեծամորցիները կվկայեն, բայց որ քաղաքացիների համար երկու կարևորագույն խնդիր մնում է անլուծելի, դա փաստ է: Մեծամորի բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնում է օրակարգում: Քաղաքապետն այդ հարցը իր քառամյա ծրագրում չի ներառել, ծրագրից դուրս էլ ի պաշտոնե հարցը լուծել ի վիճակի չէ, ասում է մեծ գումարներ են պետք նման աշխատանքների իրականացման համար, իսկ վերջին ավագանու նիստով ամեն ինչ պարզ էր. քաղաքային համայնքի բյուջեն չի կարող այլ ծախսեր ենթադրել, հազիվ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատողների աշխատավարձին է բավականացնում, 209 մլն դրամ բյուջեով 253 աշխատող է վարձատրվում: Քաղաքապետն էլ ամենաքիչ աշխատավարձն է ստանում՝ 150 հազարը չի գերազանցում: