Հայ-ադրբեջանական սահմանի վերջին շրջանում լարված իրավիճակը ստիպեց «Սև Հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանին իր մտահոգություններով կիսվել ջոկատի սպայական կազմի հետ:
Ջոկատի հրամանատարական կազմի հայրենասիրական ոգու վրա անցած 20 տարիները հետք չէին թողել: Նույն պատրաստակամությամբ, նույն եռանդով ու կամքի դրսևորմամբ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում սահման մեկնելով՝ կանգնել հայ զինվորի կողքին:
«Սև Հովազի» հրամանատար Ռուստամ Գասպարյանը բարձր գնահատեց զինակից ընկերների նվիրվածությունն ու պատրաստակամությունը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում:
Ջոկատի սպայական կազմը վստահեցրեց, որ իրենց մարտիկները նույնպես մտահոգված են և պատրաստ են յուրաքանչյուր պահի կրկին զենք վերցնել ու արժանի պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին: Հանդիպման ավարտին «Սև Հովազը» հայտարարություն ընդունեց, ըստ որի յուրաքանչյուր պահի պատրաստ է կրկին պաշտպանել հայրենիքի սուրբ հողը: