Մայիսյան համայնքի տարածքում գտնվող Այգեգործական ընկերության հողօգտագործող Յուրա Նազլուխանյանն այլևս մտահոգվելու առիթ չունի, իր 1000 քմ հողատարածքն արդեն կարող է ոռոգել ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվել:
Այս տարածքում Այգեգործական ընկերությանը պատկանող 80 հեկտար մշակելի հողատարածք կա, որտեղ ոռոգումն իրականացվում էր 4 խորքային հորերի միջոցով: 2013 թվ-ին հեղեղումների պատճառով 1 խորքային հոր փլուզվել է և 3 հորերի միջոցով ամբողջ տարածքի ոռոգումն իրականացնելն անհնարին է դարձել: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանի խոսքով, Այգեգործական ընկերության մոտ 40 հեկտար հողատարածք ոռոգման ջրի խնդիր ուներ:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի խոսքով, 4-րդ խորքային հորը վերագործարկելու խիստ անհրաժեշտություն էր առաջացել և ապրիլին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզ կատարած այցելության ընթացքում մայիսյանցիները խնդրեցին միջոցներ հատկացնել և փլուզված խորքային հորը վերագործարկել:
Մայիսյան համայնքի բնակիչներն այսուհետև կստանան անխափան ոռոգման ջուր: Կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեից 11 մլն 256 հզր դրամ գումար է հատկացվել տվյալ խորքային հորը մաքրելու, նոր խորքային պոմպ տեղադրելու և Այգեգործական ընկերության տարածքի ջրաբաշխիչ ցանցում շուրջ 300 մ երկարությամբ նոր խողովակ կառուցելու համար: «Արմավիր» ՋՕԸ գործադիր տնօրեն Հովիկ Պետրոսյանը վստահ է, որ այսուհետ Այգեգործական ընկերության անդամները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա: Խորքային հորը վերագործարկվեց և ոռոգման ջուրն այգեգործներին հասցվեց:
Խորքային հորի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2 փուլով: Ըստ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանի, աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում, իսկ ակնկալիքներն արդարացվել կրկնակի: Ըստ ուսումնասիրության, խորքային հորի նախատեսվող թողունակությունը պետք է լիներ 20 լիտր վայրկյանում, արդյունքում կրկնակի ավել ջուր է ապահովվել:
Ինչպես տեղեկանում ենք Վոլոդյա Նարիմանյանից, Արմավիրի մարզում առայժմ ոռոգման ջրի լուրջ խնդիրներ չի առաջացել, իսկ 2014 թվ-ի համեմատությամբ, այս տարի մարզում 1000 հեկտարով ավելացել է ոռոգելի հողատարածքները՝ կազմելով 35 հզր հեկտար: Դա, ըստ Նարիմանյանի, պայմանավորված է ոռոգման ջրով ապահովվածությամբ: