Մայիսի 14-ից 18-ը Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել քաղաքի 9-րդ մանկապարտեզի 6 երեխա: Առաջինը կտրուկ վատացել է 5-ամյա Գոռի առողջական վիճակը: Գոռն այդ մասին հայտնել է դաստիարակին, վերջինս էլ տեղյակ է պահել երեխայի ծնողներին: 6 երեխաներն էլ հիվանդանոց են ընդունվել միևնույն գանգատներով՝ փորլուծություն, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն: Առավել ծանր է եղել երկուսի վիճակը:
Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աննա Պետրոսյանի խոսքով երկու երեխայի մոտ գրանցվել է արյունային լուծ՝ լորձաարյունային խառնուրդով հաճախացած: Ներկայումս նրանց վիճակը բավարար է, բուժման ընթացքի մեջ են: Պետրոսյանից տեղեկանում ենք, որ երկու երեխայի անալիզների պատասխանն արդեն կա՝ դիզինտերիայի հարուցիչ:
Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով, ավելի ուշ հիվանդանոց տեղափոխված 4 երեխայի անալիզների պատասխանը պատրաստ կլինի 48 ժամից, սակայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի խոսքով, բոլոր երեխաների մոտ նույն ինֆեկցիան է՝ դիզինտերիա:
Արա Ասոյանը, հիվանդներին զննելուց հետո, նրանց վիճակը գնահատում է միջին ծանրությունից մինչև բավարարին մոտ: Ասոյանը հավելում է, որ վարակի օջախը մանկապարտեզն է:
Ըստ ծնողների, երեխաներին մանկապարտեզ են ճանապարհել առանց գանգատների: Ինչը կարող էր լինել վարակի պատճառը, դժվարանում են ասել, նշում են, որ մանկապարտեզում երեխաները կաթ են խմել ու գարուխով ապուր կերել:
Արմավիրի քաղաքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանից տեղեկանում ենք, որ արդեն իսկ փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզի սննդամթերքից և ուղարկվել փորձագիտական կենտրոն, մանկապարտեզը փակ է: Արմավիրի 9–րդ մանկապարտեզ է հաճախում 90 երեխա: 84-ի ընտանիքում բժիշկները կատարել են այցելություն: Հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրել: