Ապրիլի 24-ին թուրքական մի քանի հեղինակավոր պարբերականներ ցեղասպանության վերաբերյալ ցավակցական նկարներ ու կոչեր էին զետեղել իրենց թերթի շապիկներին: Օրինակ, «Քումուրյեթ» թերթի առաջին էջում տպագրված էր «Այլևս երբեք» խորագրով հոդվածը, «Գյունդեմ»-ի առաջին էջը զբաղեցնում էր «Տե՛ս, իմացի՛ր, առերեսվի՛ր» վերնագրով հոդվածը, որտեղ ասվում էր, որ երբեք չի մոռացվի այն ցավը, որը հայերն ապրել են 1915 թվ-ին:
«Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի խոսքով, թուրքական կառավարությունը երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, բայց չի էլ կարող ժխտել, որ 20-րդ դարասկզբին բնաջնջել է Արևմտյան Հայաստանի հայերին: Թուրքիայի իշխանությունները, Տանձիկյանի կարծիքով, պետք է առնվազն այլ ձևակերպմամբ ընդունեն, որ նման ոճրագործություն են կատարել և ներողություն խնդրեն հայերից:
Թուրքիայում Ակոսի ձայնը կարևոր նշանակություն ունի հայերի պահանջատիրական իրավունքն արտահայտելու գործում,- վստահ է «Ակոս»-ի հայերենի խմբագիր Բագրատ Էստունյանը, սակայն որքանո՞վ կարող է թերթը նպաստել թուրքական կառավարությանը հայերի խոսքն ու դիրքորոշումը հասցնելու և արդյունք գրանցելու համար, խմբագիրը դժվարանում է ասել: Բայց որ Թուրքիայում Ակոսն ընկալվում է որպես անկախ մամուլ, դա հաստատ է,- ասում է Էստունյանը և ավելացնում, որ Ակոսի ընթերցողների 50 տոկոսը հայերն են, 50-ը՝ թուրքերը:
Ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները սկսվեցին վաղ առավոտից և շարունակվեցին մինչև ուշ երեկո: Օրվա երկրորդ կեսին հարգանքի տուրք մատուցվեց նաև Շիշլիի հայկական գերեզմանոցում: Ծաղկեպսակներ դրվեցին Սևակ Բալըքչըրի շիրիմին, ով 2011 թվ-ի ապրիլի 24-ին մահացել էր բանակում` հայ լինելու համար: