Մարզի համայնքների հասարակությունը գյուղապետարանի կամ քաղաքապետարանի տեղը հիշում է հարկ վճարելու կամ տեղեկանք վերցնելու դեպքում: Հասարակությունը ոչ միայն անտեղյակ է համայնքում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական իրադարձություններից, այլ նույնիսկ չգիտի համայնքի ավագանու անդամներին: Անտարբերությունը հասել է այն մակարդակի, որ համայնքի ղեկավարի ընտրություններում, վերջին 2 տարիներին, Արմավիրի մարզի համայնքներում, որպես համայնքի ղեկավարի թեկնածու, տարածքային ընտրական հանձնաժողով դիմում են ներկայացնում գործող համայնքի ղեկավարը գյուղապետարանի աշխատակազմից որևէ աշխատակցի հետ կամ գործող համայնքի ղեկավարն իր ազգականի հետ: Նման օրինակներ եղել են մարզի Մարգարա, Մեծամոր, Ծաղկալանջ, Տարոնիկ, Վարդանաշեն, Խորունք, Արազափ, Արտաշար, Եղեգնուտ և Երասխահուն համայնքներում: Նույն պատկերն է նաև համայնքի ավագանու ընտրություններում: Եղել են դեպքեր, երբ 5 ավագանու պարագայում նույնիսկ 5 թեկնածու չի լրացել և ընտրությունները նորից են նշանակվել, կամ թեկնածուների դեֆիցիտի պատճառով ավագանու թեկնածուներ են առաջադրվել գյուղապետարանի աշխատակիցները:
Փաստորեն համայնքում համայնքի ղեկավարը պարբերաբար վերընտրվում է, ավագանին էլ հիմնականում ձևավորվում է համայնքի ղեկավարի ազգականներով և ստորադաս աշխատակիցներով: Նման պայմաններում ակնկալել, որ համայնքի գործադիրը կաշխատի բաց, թափանցիկ և հաշվետու կլինի հասարակությանը, միամտություն կլինի: Ստեղծված իրավիճակում օրեցօր խորանում է հասարակության անտարբերությունը համայնքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:
Օրինակ, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում ապամոնտաժվում և վաճառվում էր խորհրդային շրջանից գյուղին ժառանգություն մնացած կիսակառույց դպրոցի շենքը: Շենքը մոնտաժված էր երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով և կմախքը, կարելի է ասել, ավարտված էր: Տեղում փորձեցինք գյուղացիներից ճշտել կիսակառույց դպրոցի շենքի իրավական կարգավիճակը, սակայն գյուղացիներից ոչ ոք չգիտեր: Գյուղապետից շատ դժվարությամբ կարողացանք իմանալ միայն, որ շենքը ավագանու որոշմամբ օտարվել և աճուրդով վաճառվել է: Բայց ե՞րբ է վաճառվել, որքանո՞վ և ու՞մ է վաճառվել, գյուղապետ Պարգև Սաղաթելյանը խուսափեց պատասխանել՝ ասելով, որ շատ վաղուց է եղել:
Փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ գյուղացիներից կամ ավագանու անդամներից: Գյուղացիներից շատերը հայտնեցին, որ շենքը գյուղապետինն է: Ավագանու անդամներից միայն մեկից, ով չցանկացավ անունը հրապարակել, հայտնեց, որ կառույցը վաճառվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց համագյուղացուն, որի անունը չգիտի: Գործարքի իրավական ձևակերպումների մեջ խորանալն անիմաստ էր, քանի որ այս մասով փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով ձևակերպված կլինեին: Միակ խնդիրն այն էր, որ օտարելու և վաճառելու գործարքը կատարվել էր հասարակությունից գաղտնի: Աճուրդի մասին հայտարարությունը, որպես ընդունված կարգ, տրվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով, որը գյուղ ընդհանրապես չի առաքվում և Դալարիկի բնակիչներն այդ մասին չէին կարող իմանալ:
Նման ճակատագրի են արժանացել Արմավիրի մարզի համայնքների շատ կառույցներ և հողատարածքներ, իսկ գյուղի բնակիչներն այդ մասին իմացել են, երբ հայտնվել է սեփականատերը: Ուսումնասիրելով մարզի համայնքներում կոռուպցիոն դրսևորումներով աշխատող գործադիր իշանության գործելակերպը, տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է զբաղված հասարակության կողմից ընտրված ավագանին, որը կոչված է զսպելու գործադիրի ապօրինությունները: Պարզվում է ավագանին դեֆակտո իր որոշումներով օրինականացնում է գյուղապետի անօրինականությունները:
Մարզի համայնքներում, ըստ ՏԻՄ օրենքի, առնվազն 3 ամիսը մեկ անգամ պետք է գումարվի համայնքի ավագանու նիստ: Նիստից առաջ պետք է ավագանու անդամները և հասարակությունը տեղեկանան նիստի օրակարգին և քննվող հարցերին, սակայն անսխալ կարող ենք ասել, որ ոչ մի համայնքում այս գործառույթները չեն պահպանվում: Քաղաքային համայնքներում նիստի օրակարգին ծանոթանում են նիստի ընթացքում, իսկ գյուղական համայնքներում, որտեղ հազվադեպ են նիստեր գումարվում, ավագանին հավաքվում է արդեն գրված որոշումների տակ ստորագրելու համար:
Կան համայնքներ, որտեղ ամբողջ տարին փաստացի նիստեր չեն գումարվում: Ավագանու անդամը միայն արդեն կայացած որոշումների տակ է ստորագրում՝ նույնիսկ չկարդալով, թե ինչ է գրված:
Շատ հազվադեպ է պատահում, երբ պատահաբար իրեն հարգող կամ համայնքով մտահոգված անձնավորություն է ընտրվում ավագանու անդամ: Գյուղապետերն այս խնդրի լուծումն էլ ունեն. նրանք կոռուպցիոն ռիսկերով որոշումների տակ ընդդիմախոս ավագանու անդամի անունը չեն ներառում՝ պատճառաբանելով, որ նիստին չի ներկայացել:
Հասարակության աչքին այս ամենը սովորական է դարձել. եթե մի ժամանակ նկատում էին անօրինականությունները և դրանց մասին բարձրաձայնում էին, այսօր ստեղծված իրավիճակը համարում են օրինաչափ և անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում՝ համարելով, որ անօգուտ պետք է նյարդեր քայքայեն: