Արմավիրի քաղաքապետի ընտրությունները կկայանա մեկ թեկնածուով: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին 6 թեկնածուներ` 4-ը ՀՀԿ-ական, 2-ը՝ անկուսակցական, 6-ն էլ ինքնաառաջադրվել էին: Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներն էին գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, նրա քրոջ որդին՝ փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, նրա ընկերը՝ Էդուարդ Վարդումյանը և «Պարիտետ Ինվեստ» ՍՊԸ տնօրեն Մանուկ Սիմոնյանը: Վերջինն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել մինչև քարոզարշավի մեկնարկը: Քաղաքապետի մյուս 3 թեկնածուները՝ Արտակ Գևորգյանը, Էդուարդ Վարդումյանն ու Մելիք Բաղդասարյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին մարտի 3-ին, իսկ Նվեր Պետրոսյանը՝ մարտի 4-ին: Քաղաքապետի պաշտոնի միակ հավակնորդը մնաց գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: