Մարտի 15-ին կկայանան Արմավիրի քաղաքապետի հերթական ընտրությունները: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 6 թեկնածու՝ ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ՀՀԿ անդամներ, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, «Պարիտետ Ինվեստ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը և անկուսակցականներ Էդվարդ Վարդումյանը և Արտակ Գևորգյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է: Նշենք, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված բոլոր 6 թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:
Արմավիր քաղաքում ձևավորվել է 16 ընտրատեղամաս: Ըստ ընտրացուցակների, ընտրելու իրավունք ունի 28 460 քաղաքացի:
Մարտի 15-ին համայնքի ղեկավար կընտրեն նաև Նալբանդյանի և Նոր Արմավիրի բնակիչները: Ավագանու ընտրություններ կլինեն Ջրաշեն համայնքում:
Նալբանդյանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Գրիգոր Հարությունյանը և ՀՀԿ անդամ Արգիշտի Հարությունյանը: Նոր Արմավիրում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են, երկուսն էլ ՀՀԿ անդամ՝ գործող գյուղապետ Կարեն Գրիգորյանը և Արթուր Ավետիսյանը: Ջրաշենում ավագանու թեկնածուները 7-ն են: