Հայաստանում ոռոգման ջրի ծավալները գնալով կրճատվում են: Ասել, թե դա կապված է ոչ բավարար տեղումների կամ երաշտ տարվա հետ, ինքնախաբեություն կլինի: Հետևելով վերջին տարիներին ոռոգման ջրի պաշարների մոնոտոն նվազմանը, կարելի է կանխատեսել, որ խնդիրը գալիք տարիներին ավելի օրհասական կլինի:
Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի աղբյուրների ցանկը աստիճանաբար կրճատվում է:
Ախուրյանի ջրամբարը հիմնականում սնվում է Արաքս գետի Ախուրյան, Կարս, Կարախան, Չորլի վտակներով: Թուրքիան իր տարածքով հոսող գետակների վրա կառուցել և կառուցում է ջրամբարներ, որի պատճառով Ախուրյանի ջրամբար լցվող ջրի քանակը կտրուկ նվազել է: Թվային արտահայտությամբ Արաքս գետի ջրային պաշարը կազմում է տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր, Ախուրյանի ջրամբարի տարողունակությունը 0,5 միլիարդ խորանարդ մետր է: Թուրքիան նոր կառուցված 4 ջրամբարների միջոցով իր տարածքում ամբարում է 1,38 միլիարդ խորանարդ մետր և Հայաստանի հետ 50/50 կիսում է Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրով: Սա նշանակում է, որ Ախուրյանի ջրամբարը, որպես ոռոգման ջրի աղբյուր, աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը:
Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի աղբյուրներից էր նաև Սև ջուր գետը, որը գրունտային ջրերի մակարդակի անկման պատճառով արդեն անցյալում է և չորացել է: Եղած ջրի մակարդակն այնքան ցածր է, որ պոմպակայանները տեխնիկապես հնարավորություն չունեն ջուր դուրս մղելու:
Սևանի ավազանից ոռոգման նպատակով խիստ սահմանափակ քանակով է ջուր բաց թողնվում, բնապահպանները դա էլ շատ են համարում: Մնում են խորքային հորերը, որոնց ջրային պաշարներն օր-օրի կրճատվում են: Օրինակ, եթե խորքային հորից նախկինում դուրս էր մղվում 150 լիտր/վայրկյան ջուր, այսօր նույն պայմաններում դուրս մղվող ջրի քանակը կրճատվել է 3,4 անգամ: Չորացել են երբեմնի ձկնորսության վայր համարվող լճակներն ու ճահիճները: Ստեղծված իրավիճակում Արարատյան դաշտավայրը աստիճանաբար վերածվում է անապատի: