Գյուղատնտեսական տարին դեռ նոր է սկսվել, իսկ Արմավիրի մի շարք համայնքներում արդեն ոռոգման ջրի խնդիր կա: Այն, որ տարին սակավաջուր է, գյուղացիները լսել են դեռ վաղ գարնանից, միևնույն ժամանակ մատակարարներից լսել են, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի գյուղատնտեսական ողջ սեզոնի ընթացքում գյուղացին ոռոգման ջրի խնդրի առաջ չկանգնի, – ասում են Արգավանդի ջրօգտագործողները և ավելացնում, որ այս պահին գյուղացիական տնտեսությունները սկսել են քաղհանի և բույսի պարարտացման աշխատանքները, որին անմիջապես պետք է հաջորդի ցանքատարածությունների ոռոգումը: Ոռոգման ջուրը դարձել է գյուղացիների վեճերի և անհաշտության պատճառը:
Նրանք վստահեցնում են՝ ջուրը քիչ է, իսկ ջրի համար հերթ կանգնելը՝ անհնար: Խնդիրը Արգավանդով չի սահմանափակվում, Սարդարապատ գյուղում ևս նույն իրավիճակն է:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը համամիտ է, – ասում է ոռոգման ջրի մատակարարման տեսանկյունից լարվածությունը գնալով խորանում է և համապատասխան մարմինների հետ կխորհրդակցեն, որ ջրաշրջանառության տարբերակին անցնելու հարցը առաջ կքաշեն, այսինքն մատակարարումը կսկսվի իրականացել նոր գրաֆիկով՝ երեք օր ջրամատակարարում, երեք օր ընդմիջում տարբերակով: Ըստ գյուղվարչության պետի, դա միակ տարբերակն է, որպեսզի այս պահին առկա ջրային ռեսուրսները տարվա ընթացքում հավասար բաշխվի և խնդիրներն առանձին համայնքներում վերացվի: Այվազյանը վստահեցնում է՝ մատակարարման նման գրաֆիկը որևէ խնդիր չի առաջացնի բանջարաբոստանային մշակաբույսերի ոռոգումը ժամանակին իրականացնելու համար: