Սիրելի շրջանավարտներ, դպրոցական ուսումնառության ավարտի և Վերջին զանգի կապակցությամբ Արմավիր քաղաքի ողջ ազգաբնակչության, համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու սիրով միանում Ձեր ուրախությանը:
Սիրելի պատանիներ և աղջիկներ, այսուհետ նոր կյանքի շեմին եք, Ձեր ձգտումների ու երազանքների իրականացման ճանապարհին, 12 տարիների ընթացքում Ձեր ուսուցիչների ջանքերով ամբարած գիտելիքները պետք է գործածեք կյանքում:
Սիրելի բարեկամներ, դպրոցական Վերջին զանգն ազդարարում է ևս մեկ սերնդի հասունացումն ու մեծ կյանքի ուղի դուրս գալը՝ ի նպաստ մեր քաղաքի և երկրի զարգացման ու հզորացման: Գիտելիքներով զինված ու հասունացած, Դուք մտնելու եք նոր բնագավառներ՝ կրթությունը շարունակելու, ինքնահաստատվելու, երկիրը շենացնելու, քաղաքացիական Ձեր պարտքը պատվով կատարելու ձգտումներով ու հաստատակամ վճռականությամբ:
Սիրելի շրջանավարտներ, առանձնահատուկ երախտագիտությամբ և արժանին մատուցելու մեծարանքով շնորհավորում եմ Ձեր ուսուցիչներին՝ իրենց տքնաջան ու բարի աշխատանքի ամփոփ արդյունքն այսօր տեսնելու կապակցությամբ և համոզված եմ, որ ապագայում, որտեղ էլ որ լինեք, երբեք չեք մոռանա ուսուցիչներին, որովհետև նրանցից ստացած գիտելիքներն ու խորհուրդները Ձեր ապագա հաջողությունների հուսալի երաշխիքներն են: Ուսուցիչն իր աշխատանքով վաստակել է մեծ ճանաչում: Չկա ավելի կարևոր բան, քան ուսուցչի հեղինակությունը, նրա մասնագիտական պատրաստվածությունը: Երբեք չպետք է մոռանալ, որ դպրոցն ու կրթությունը պետության զարգացման ծրագրի հիմքն են: Առանց առաջնակարգ դպրոցի և գիտության չեն կարող լինել ոչ զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն, ոչ երկրի հզոր պաշտպանություն ու կայուն անվտանգություն:
Շնորհավորում եմ նաև բոլոր շրջանավարտների ծնողներին ու հարազատներին այս գեղեցիկ տոնի առիթով:
Սիրելի շրջանավարտներ, այսօր Ձեր սիրելի կրթօջախներին ասելու եք՝ «Ցտեսություն դպրոց, ողջույն նոր կյանք»: Վստահորեն բացեք մեծ կյանքի դռները, դարձեք երիտասարդ մեր երկրին արժանի քաղաքացիներ: Կրկին սիրով շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում կանաչ ճանապարհ և բոլոր երազանքների իրականացում: