Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով փետրվարի 20-ին Արմավիրի մարզ էր այցելել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի առաջին կանգառը Սամաղարում էր՝ ելակի ցանքատարածություններում: Գյուղացիներն ավանդական խոսքով դիմավորեցին նախարարին, ասելով՝ ոտքդ խերով լինի, բերքն էլ շատ լինի: Սամաղարում արդեն 10 օր է սկսվել է ելակի սածիլումն ու պոլիէթիլենային թաղանթով պատման աշխատանքները: Նախարարը գյուղացիներից հետաքրքրվեց աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների մասին: Ապա առաջարկեց ելակի նոր տեսակների մշակությամբ զբաղվել: Սերգո Կարապետյանը վստահեցրեց՝ արդեն զբաղվում են ելակի նոր տեսակների ներմուծմամբ և արդեն աշնանը հնարավոր կլինի գյուղացիներին մատակարարել նոր տեսակի սածիլներ: Նախարարը համամիտ է սամաղարցիների հետ՝ ելակի տեղական սորտը համեղ է, բայց դիմացկուն չէ: Շուկայական տեսքը պահպանելը դժվար է:
Գյուղացիները նախարարից հետաքրքրվեցին նաև պարարտանյութի և դիզվառելիքի տրամադրման ժամանակացույցի մասին: Սամաղարցիները մտավախություն ունեին, որ պարարտանյութը կուշանա: Նախարարը խոստացավ՝ անհրաժեշտության դեպքում վաղն էլ կարող են սկսել պարարտանյութի բաշխումը: Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրեց՝ արդեն պարարտանյութի պահանջվող քանակի գումարները հավաքագրված են և կարող են պարարտանյութը ներկրել մարզ:
Նախարարն այցելեց նաև Արշալույսի ջերմոցային տնտեսություններ: Ջերմատներում այս տարվա տևական ցուրտը վնասել էր լոլիկի առաջին բերքը: Արշալույսցիները ստիպված են մեկ ամիս ուշ սկսել լոլիկի բերքահավաքը: Նախարարը հասկանում է՝ բերքահավաքը ուշանում է, բայց եղանակի դեմ պայքարելն անհնար է, կարևորը լոլիկի բույսը կանաչ է ու առողջ:
Սերգո Կարապետյանը մասնակցեց նաև մարզխորհրդի նիստին, հետաքրքրվեց առաջնային լուծում պահանջող խնդիրներից: Նախարարը վստահեցրեց՝ գյուղատնտեսական բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները կառավարության մշտական քննարկման թեմաներն են: Ըստ նախարարի, մարզում հրատապ խնդիր է ցեցի դեմ արդյունավետ պայքար ծավալելը, որի ուղղությամբ արդեն միջոցներ են ձեռք առնվել: Իրականացվող ծրագրերի շարքում է նաև սերմնաբուծական կենտրոնների ստեղծումը, գյուղտեխնիկայի նորացման խնդիրը, մատչելի վարկերի տրամադրումը, բուժանյութի որակի վերահսկողություն սահմանելը, ջրի կորուստները նվազեցնելու նպատակով ներտնտեսային ցանցերի վերանորոգումը, ապահովագրական համակարգի ներդրումը և ամենակարևորը՝ չմշակվող հողերի կրճատումը:
Գյուղնախարարը խոստացավ, որ այս տարի ավելի հաճախակի կայցելի Արմավիրի մարզ: Ասաց պետք է հետևողական լինի, որպեսզի մարզն ավելի մեծ բերքատվություն ապահովի: Հանդիպման վերջում Սերգո Կարապետյանը մեդալներ և շնորհակալագրեր հանձնեց մարզի գյուղատնտեսության բնագավառում մեծ ներդրում ունեցած ֆերմերներին, գյուղապետերին և մարզպետարանի աշխատակիցներին: