Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Փետրվարի 13-ին Արմավիրի առաջնորդարանի բակում Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ կատարվեց նախատոնակ: Ներկայացնելով Տեառնընդառաջի խորհուրդը, սրբազան հայրը ներկաների հետ աղոթք բարձրացրեց առ Աստված, ապա եկեղեցու կանթեղից վերցված կրակով առաջնորդարանի բակում վառեցին խարույկ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:
Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի, Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: