Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 05:45-ի սահմաններում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Յուրա Բաբայանին պատկանող վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել: Մինչև հրշեջ փրկարարների դեպքի վայր ժամանելը հարևանների օգնությամբ հրդեհը մարվել էր: Այնուհետև դեպքի վայր էր ժամանել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի պահին վագոն-տնակում եղել են Յուրա Բաբայանը, տիկին Օֆելյան՝ իր դստեր և թոռան հետ: Հրդեհից տուժել են Օֆելյան և Յուրան, ովքեր տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Հարևանները, ովքեր օգնել էին հրդեհը մարել, հրաժարվեցին մեկնաբանել կատարվածը: Բաբայանի ծանոթներից մեկը պատմեց, որ, իր լսելով, տնակը միտումնավոր հրդեհել է Օֆելյայի նախկին ամուսինը:
Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանից էլ տեղեկացանք, որ Օֆելյան գյուղի բնակիչ չէ: Այստեղ է տեղափոխվել մի քանի տարի առաջ և բնակություն հաստատել Բաբայանին պատկանող տնակում: Գյուղապետը նրանց համատեղ ապրելու իրավական կարգավիճակից անտեղյակ է: Գյուղապետն ասում է, որ Օֆելիայի դստեր պատմելով, նախկին ամուսինը բենզինով մի քանի շիշ է բերել Բաբայանի բնակարան, լցրել Օֆելիայի վրա ու հրդեհել:
Գյուղապետը լսել է, որ Օֆելյայի ամուսինը 7 տարի գտնվել է կալանավայրում, ե՞րբ է ազատվել, ստույգ չի կարող ասել, միայն լսել է, որ նրանց միջև տարիներ շարունակ վիճաբանություններ են եղել: