Դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:35-ին Բաղրամյանի հրշեջ ծառայությունում ահազանգ է ստացվել, որ այրվում է Դալարիկ գյուղի Թումանյան փողոցի 18 տունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, այնուհետև երկու մարտական հաշվարկ օգնության է եկել Արմավիրի հրշեջ փրկարարական ծառայությունից: Տանը գտնվել է 51-ամյա Գագիկ Ասատրյանը, ով էլ Բաղրամյանի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Արմավիրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Գագիկ Ասատրյանն այրվածքներ չի ստացել և ստացիոնար բուժման կարիք չունի: Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից, սակայն Ասատրյանը հիվանդանոցի ընդունարանում էր և, ըստ նրա, գնալու տեղ չուներ, կոշիկները նույնպես այրվել էին: Ասատրյանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող լքել հիվանդանոցի ընդունարանը, չնայած ասաց հարազատներ չունի, իսկ բարեկամներից լուր չունի: Չունի նաև սեփական բնակարան, իսկ հրդեհված տունը պատկանում է ՌԴ-ում բնակվող իր քրոջը: