Ամանորը համարվում է իղձերի ու ցանկությունների իրականացման տոն, այլ կերպ ասած հրաշքների իրականացման ժամանակահատված: Գոհար Հովհաննիսյանին կարելի է համարել այն երջանիկներից մեկը, ում երազանքը կատարվեց ամանորի նախաշեմին: Գոհարը երեք անչափահաս որդիների հետ երկար տարիներ ապրում էր սոցիալական ծանր պայմաններում: Չունենալով սեփական բնակարան, տարիներ շարունակ Գոհարը երեխաների հետ ապրել է տարբեր ժամանակավոր կացարաններում: Վերջին 9 տարիներին նրանք բնակվում էին Արմավիրի նախկին նավթի բազայի վարչական շենքի սենյակներից մեկում, որը զուրկ էր կենցաղային տարրական պայմաններից: Գոհարը որդիների գոյությունը ապահովելու համար կատարել է մի շարք աշխատանքներ, հողամաս է փորել, քար է բարձել, երկաթ հավաքել և նմանատիպ ֆիզիկական աշխատանքներ կատարել: Նրա ընտանիքը հաշվառված է ընտանիքների ապահովության գնահատման համակարգում և օգտվում է ընտանեկան նպաստից՝ ամսական 35.500 դրամ: Այս գումարը որոշ չափով մեղմում է Գոհարի խնդիրները, սակայն սեփական բնակարան ունենալու հարցում օգնություն չի ակնկալել և համարել է անկատար երազանք: Նրա ու զավակների երազանքը կյանքի կոչվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհիվ: Մարզպետն իր և իր ընկերների ֆինանսական աջակցությամբ Գոհարին Արմավիր քաղաքի Քոթեջ կոչվող թաղամասում նվիրեց 4 սենյականոց բնակարան: Բնակարանն ունի նաև փոքրիկ հողամաս: Անակնկալը մեծ երջանկություն պարգևեց Գոհարի ընտանիքին: Ինչպես նշեց Գոհարը, իր կտրված թևերը կրկին վեր բարձրացան: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոքրիկները դիմավորեցին աղուհացով, ապա միասնաբար կտրեցին բնակարանամուտի ժապավենը: Մարզպետը վստահեցրեց, որ մարզի սոցիալապես անապահով ընտանիքները գտնվում են իր և մարզպետարանի մշտական ուշադրության ու աջակցության ներքո, իսկ Գոհարի ընտանիքին, բնակարանը նվիրելով, հավելեց, որ այսպիսի նվերի դեռ շատերը կարժանանան: