Նախօրեին Արմավիրի մարզի Արգավանդ, Տանձուտ, Այգեշատ, Արմավիր, Հայկավան համայնքների ուսանողները 5 գյուղերի խաչմերուկում բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջիններս պահանջում էին վերականգնել ուսանողական միկրոավտոբուսների աշխատանքը, որն արդեն մեկ շաբաթ էր չէր գործում: Փոխարենը գործում էր Ջանֆիդա-Երևան նոր երթուղին, որը, բացի թանկացումից, չէր սպասարկում Արգավանդ, Տանձուտ և Այգեշատ համայնքների ուսանողներին: Նախկին ուսանողական միկրոավտոբուսները ուսանողներին գյուղից բուհ տեղափոխում էին 400 դրամ ուղեվարձով, նոր երթուղին՝ մինչև Կիլիկիա ավտոկայան, 500 դրամ ուղեվարձով:
Խնդիրը 5 համայնքների ղեկավարներին ևս անհանգստացրել էր: Արմավիրի համայնքնապետը նույն օրը հարցը բարձրացրեց Արմավիրի մարզպետարանում, մարզպետը՝ տրանսպորտի և կապի նախարարությունում: Աշոտ Ղահրամանյանի խոսքով, նախարարը խոստացել էր խնդիրն արագ ուսումնասիրել և լուծում առաջարկել: Նոյեմբերի 26-ին մարզպետը նորից էր Գագիկ Բեգլարյանի հետ հեռախոսազրույց ունեցել:
Պարզվել էր, որ նախկին գիծը որևէ իրավական հիմք չի ունեցել այդ աշխատանքները կատարելու համար: Ըստ մարզպետի, Ջանֆիդա-Երևան երթուղին կշարունակի գործել, ուսանողներին էլ կսպասարկի ոչ թե 500, այլ 200 դրամ ուղեվարձով:
Ջանֆիդա-Երևան գիծը, ըստ մարզպետի, երթուղին կիրականացնի հետևյալ կերպ՝ Ջանֆիդայից Փշատավան համայնքով կանցնի Արգավանդ, Տանձուտ, Այգեշատ, Արմավիր և Հայկավան համայնքները, իսկ Կիլիկիա ավտոկայանը, որպես վերջին կանգառ, կմնա անփոփոխ: Հետադարձը նույնպես Կիլիկիա ավտոկայանից կլինի: