Արմավիրի մարզի Արգավանդ, Տանձուտ, Այգեշատ, Արմավիր, Հայկավան համայնքների ուսանողներ նոյեմբերի 25-ին հավավքել էին 5 գյուղերի խաչմերուկում և բողոքի ակցիա կազմակերպել: Խնդիրը կայանում է նրանում, որ նշված 5 գյուղերի ուսանողների համար գործող ուսանողական միկրոավտոբուսներն այլևս չեն գործում: Արդեն մեկ շաբաթ է, գործում է նոր՝ Ջանֆիդա-Երևան երթուղին, որը ոչ միայն չի սպասարկում Արգավանդ, Տանձուտ և Այգեշատ համայնքների ուսանողներին, այլև սպասարկում է ավելի թանկ ուղեվարձով: Նախկին երթուղուն ուսանողները գյուղից բուհ հասցնելու համար վճարում էին 400 դրամ ուղեվարձ, իսկ նոր երթուղու վերջին կանգառը Կիլիկիա ավտոկայանն է, ուղեվարձը՝ 500 դրամ: Ուսանողներն ավտոկայանից բուհ հասնելու համար ևս հավելյալ ծախս են կատարում, որը, ըստ նրանց և ծնողների, յուրաքանչյուր ընտանիքի համար նոր դժվարություն է ստեղծում: Ուսանողները ստիպված են լինում ևս մի քանի տրանսպորտ փոխել դասի և դասից տուն հասնելու համար: Համայնքների ղեկավարները ևս մտահոգված են խնդրով: Նրանք նույնպես պահանջում են երթուղին վերականգնել:
Ուսանողականի վարորդ Աշոտ Խաչատրյանն ասում է, որ իրենց դեռ նոյեմբերի 1-ին էին զգուշացրել դադարեցնել երթուղու սպասարկումը: Ըստ Խաչատրյանի, իրենք պայմանագիր են կնքել «Գալակտիկա» ՍՊ Ընկերության հետ, որն ուժի մեջ է մինչև դեկտեմբերի 31-ը: Սակայն, պայմանագրի գործողության ժամկետը չլրացած, Ջանֆիդա-Երևան նոր բացված երթուղու գծատերը մեկ շաբաթ առաջ փակել է իր ճանապարհն ու արգելել առաջ շարժվել: Խաչատրյանի խոսքով նոյեմբերի 18-ին նոր գծատերը մոտեցել է իրենց և պահանջել փաստաթղթերը ցույց տալ, ապա վերցրել ու ասել, որ անօրինական են սպասարկում երթուղին, և որ այլևս իրավունք չունեն ճանապարհը շարունակել:
Արմավիր համայնքի ղեկավարը խնդիրը ներկայացրեց Արմավիրի մարզպետարան, մարզպետ Աշոտ Ղահրամայնանն էլ իր հերթին տրանսպորտի և կապի նախարարին հայտնեց ստեղծված իրավիճակը: Ըստ մարզպետի, նախարարը հանձնարարել է ուսումնասիրել հարցը, որից հետո պարզ կդառնա պատճառն ու խնդրի լուծման հնարավորությունները: