Վաղարշապատի հիվանդանոցի մի մասնաշենքը կառուցվել է 1972, իսկ մյուսը` 1980թթ-ին: Կառուցման օրվանից հիվանդանոցում կապիտալ վերանորոգում չի իրականացվել: Տանիքն անմխիթար վիճակում է, անձրևների ժամանակ կաթոցները չեն դադարում, հատակը քայքայված է, պատերի ծեփերն ամենուր թափվում են: Ջրամատակարարումը սահմանափակ ժամանակով է տրվում, իսկ հիվանդասենյակներից ընդհանրապես հանվել են լվացարանները: Հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանի միակ մխիթարանքը որակյալ բուժանձնակազմ ունենալն է: Տնօրենի համար մտահոգության առիթ է նաև բուժսարքավորումների հարցը հիվանդանոցը նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով համալրվելու կարիք ունի: Ըստ Վաչագան Մկրտչյանի եղած բուժսարքավորումներն ու գործիքները մաշված են և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:
Վաչագան Մկրտչյանից տեղեկանում ենք, որ հիվանդանոցի խնդիրների լուծման նպատակով դիմել է պատկան բոլոր մարմիններին, ասում է վերջին պատասխանը հուսադրող է, խոստացել են համաշխարհային բանկի միջոցներով իրականացնել հիվանդանոցի վերակառուցումն ու տեխնիկական վերազինումը: Մկրտչյանը հույս ունի, որ ծրագրի մեկնարկը առաջիկա երկու տարվա ընթացքում կտրվի: