2008 թվ-ից Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցը, համագործակցելով Գերմանիայի հանրապետության հետ, իրականացրել է մի շարք կրթական ծրագրեր: «Աշակերտների փոխանակում» ծրագրով Սարդարապատի դպրոցն իր առաջին քայլերը սկսեց Գերմանիայի հանրապետության դպրոցների հետ, ինչի արդյունքում մի շարք աշակերտներ Գերմանիայի դպրոցներում մասնակցել են դասընթացների: Գերմանիայի Սաքսոնիա Անհատ նահանգի նախարարության որոշման համաձայն Սարդարապատի միջնակարգ դպրոցը 2012-13 ուսումնական տարվանից դարձել է «Լեզվի դիպլոմ»-ի դպրոց: 2013թ. մարտ ամսին Սարդարապատի դպրոցի 17 աշակերտ հանձնեց գերմաներեն լեզվի բանավոր և գրավոր քննություններ: Աշակերտներից 16-ը քննություննեը բարեհաջող հանձնեցին և արժանացան լեզվի դիպլոմի 2-րդ մակարդակին: Արժանանալով լեզվի դիպլոմներին, աշակերտներին հնարավորություն ընձեռվեց ուսումը շարունակելու Գերմանիայի քոլեջներում և համալսարաններում: Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը , որը կատարեցին ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Դպրոցի բակում աշակերտները դեսպանին դիմավորեցին հայկական ավանդական ուտեստներով և տարատեսակ աղցաններով՝ նպատակ հետապնդելով դեսպանին հաղորդակից դարձնել հայկական համեղ խոհանոցին: Դեսպան Ռայներ Մորելը, աշակերտներին հանձնելով լեզվի դիպլոմները, ուրախությամբ նշեց, որ Սարդարապատի միջնակարգ դպրոցը քննական ծրագիրը հանձնեց բարձր մակարդակով ու աշակերտներին ոգեշնչեց մեծ եռանդով պատրաստվել Գերմանիայում սպասվող կրթական ծրագրերին: