Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի խաչվերացը կտոնվի սեպտեմբերի 15-ին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին և մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերևարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Խաչափայտը գերության մեջ մնում է 14 տարի: 628թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մեծ բանակով հարձակվում է պարսիկների վրա և ազատագրում Սուրբ Խաչը ու այն վերադարձնում նախկին վայրը: Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց՝ այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը: Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես՝ ռեհանով: Ժողովուրդը ռեհանը համարում է խաչի ծաղիկ: Ընդհանուր առմամբ՝ Խաչվերացը կամ «Սուրբխաչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին՝ շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ՝ ուլ մորթում ու խորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս.Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: